Չի կարելի լինել երկրի վարչապետ եւ անընդհատ ընդդիմադիր խոսել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապե Նիկոլ Փաշինյանի երեկ հանրահավաքում ունեցած ելույթին:
Մասնավորապես, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե հանձնարարել է բոլոր օլիգարխներին թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին,, Գալուստ Սահակյանն ասաց. «Նախ, պետք է վերծանել, թե օլիգարխն ինչ բան է: Ինչ վերաբերում է նրան, որ օլիգարխները ՀՀԿ-ից են, դա էլ շատ ճիշտ չէ: Եթե օլիգարխներ գոյություն ունեն, պետք է ասել, թե այդ օլիգարխներն ովքեր են: Դուք ասեք, ով է օլիգարխ, ես էլ պատասխանեմ: Սամվել Ալեքսանյանի օլիգարխությունը ո՞րն է, որ մոտ 30-40 հազար աշխատատեղ է բացել եւ մեր ժողովուրդն աշխատում է, դարձավ օլիգա՞րխ: Այլ բան է, որ աշխատանքի մեջ որոշակի խախտումներ կարող են տեղի ունենալ, այդ պատճառով կան համապատասխան ինստիտուտներ եւ կարծում եմ՝ բոլորն էլ ինչ-որ չափով կարող են օժանդակել այդ խնդրին:
Չի կարելի լինել երկրի վարչապետ եւ անընդհատ ընդդիմադիր խոսել: Եթե ասում է՝ Գագիկ Բեգլարյանն օլիգարխ է, պետք է ապացուցի, որ օլիգարխ է: Ինչ է նշանակում օլիգարխ, ինչ են արել, որ օլիգարխ են»:
Գալուստ Սահակյանի խոսքով չի կարելի ազգը բաժանել մի քանի մասերի. «Եթե ընդհանուր կառուցվածքային խնդիրներում լավ չեն դրսեւորել իրենց, բնական է՝ պետք է պատասխան տան: Ամբողջ աշխարհում այդպես է»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ին, Դավիթաշենում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»:
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է:











