Հանգամանքները, որոնցով հարուցվել է քրեական գործը չեն կարող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի քննարկման առարկա դառնալ: Այս մասին ԱԺ-ի արտահերթ նիստին ասաց Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքից պատգամավոր Ալեն Սիմոնյանի քննադատությանը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱԺ-ի կանոնակարգը կխախտվի, եթե հանձնաժողովը ստեղծվի, քանի որ դրա քննարկման առարկա չեն կարող լինել նախնական հետաքննության կամ դատական վարույթի որեւէ փուլում գտնվող հարցերը:
Կոստանյանի խոսքով, հենց այդ պատճառով են այդ հանգամանքները հիմք դարձել քննարկման համար, թե արդյոք Հայաստանում կան համապատասխան մեխանիզմներ, որոնք կարգավորում են նամակագրության, հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը, ինչպես նաեւ դատական գործընթացների արդար անցկացումը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել էր ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները: Զրույցի ընթացքում Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորման հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան:











