Գագիկ Ծառուկյանն ու իր շրջապատը որեւէ անօրինական գործողություն չեն կատարել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը Շենգավիթ վարչական շրջանում ԲՀԿ քարոզարշավի ժամանակ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Պարոն Ծառուկյանը նույնպես ունի թիկնազոր, արդյոք կարձագանքե՞ն զինաթափվելու մասին վարչապետի կոչին, ինչին Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մտավախություն չունենք, պարոն Ծառուկյանն ու իր շրջապատը որեւէ անօրինական գործողություն չեն կատարել, իսկ դեմքով ասֆալտին փռելու օպերացիան որեւէ կապ չունի Երեւան քաղաքի ավագանու ընտրության հետ»,-պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ ճիշտ չէ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել ասֆալտին փռելու օպերացիայից. «Չեմ կարծում, որ դրանով լուծվելու է Երեւանի աղբահանության, վերելակների կամ կանաչապատման խնդիրը»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դավիթաշենում կայացած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին եւ նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության: Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»: