Լավ կլիներ, եթե վարչապետը, ձեռքը դնելով սրտին, անկեղծ ասեր՝ ով է իր համար «սպիտակ», իսկ ով՝ «սեւ»: Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Երեւան» դաշինքից քաղաքապետի թեկնածու, «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
Ընդ որում, ինչպես կարծում է Զուրաբյանը, եթե ինչ-որ չափանիշներով փնտրենք «սպիտակներին» եւ «սեւերին», ապա կարելի է ոչ ոքին չգտնել:
«Ո՞վ ինձանից սպիտակ կլինի: Ես չեմ ուզում մարդկանց գույների եւ երանգների բաժանել, քանի որ գույները տարբեր են լինում, եւ շատ հնարավոր է, որ եթե ես ինչ-որ մեկին ինչ-որ գույնով բնութագրեմ, ապա դա կարող է վիրավորական լինել: Իսկ ես չեմ ուզում որեւէ մեկին նեղացնել», - բացատրեց Զուրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ ողջունում է մի քանի ամիս առաջ հասարակության ազատումը նախկին իշխանություններից, սակայն դժգոհություն հայտնեց ներկայիս կառավարությունից իր կարծիքով, ավելի կարեւոր խնդրի լուծման հմատեքստում:
Խոսքը, մասնավորապես, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վովա Առաքելյանի եւ Շանթ Հարությունյանի մասին է, որոնք դեռ շարունակում են պատիժ կրել: «Միեւնույն ժամանակ, այս երկիրը թալանած եւ ոտնահարած որոշ մարդիկ եւ խմբեր, որոնք մարդկանց են սպանել, ազատության մեջ են եւ սպառնում են ինչպես գործող իշխանությանը, այնպես էլ ժողովրդին, ասելով` վերադառնալու ենք եւ ցույց կտանք բոլորին»,-ասաց նա:
Նա նաեւ դժգոհեց իրավապահ մարմինների անգործությունից, ինչի պատճառով, նրա գնահատմամբ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա նման անձինք ազատության մեջ հայտնվեցին:
Արարատ Զուրաբյանը նաեւ դժգոհ է պետությունից գողացված միջոցների վերադարձի տեմպերով: «Նման տեմպերով իշխանությունները կկարողանան պետությունից գողացված միջոցները 200 տարի հետո վերադարձնել», - եզրակացրեց քաղաքական գործիչը:











