ՀՅԴ-ից Երեւանի քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը  համաձայն չէ այն հայտարարությանը, թե Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում են մութ քաղաքական ուժեր: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում Երեւանի «Վերնիսաժ» հուշանվերների եւ հնաոճ իրերի շուկայում նախընտրական երթի շրջանակում ասաց նա:

Նրա խոսքով, նման բաժանումն անընդունելի է, քանի որ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը արժանի են Երեւանի ավագանու անդամներ լինել:

«Գունային բաժանումը համարում եմ անընդունելի», - ասաց Մանուկյանը:

Նա նաեւ սխալ է համարում այն, որ այժմ հասարակության ուշադրությունը սեւեռված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ ավագանու ընտրությունները երկրոդ պլան են մղվել:

 «Քաղաքացիները պետք է կենտրոնանան ընտրությունների եւ Երեւանի խնդիրների վրա», - ասաց քաղաքապետի թեկնածուն:

Նա նշեց, որ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը տարբեր լուծումներ են տալիս մայրաքաղաքի կարեւորագույն խնդիրներին:

«Հաղթանակի դեպքում, առաջին հերթին, պատրաստվում ենք ընդհանրացնել այս բոլոր ծրագրերը` Երեւանի համար լավագույն լուծումներն ընտրելու համար: Նախորդ իշխանությունների նախաձեռնած ծրագրերը նույնպես ամփոփվելու են, քանի որ նրանք նույնպես հասել են կոնկրետ արդյունքների, օրինակ` տրանսպորտային համակարգի բարելավման հարցում», - ասաց Միքայել Մանուկյանը:

Նա դրական  գնահատեց նախընտրական քարոզարշավը, նշելով նաեւ ժողովրդի բարձր գիտակցությունը եւ կամքը:

«Հանդիպման ժամանակ երեւանցիները հաճախ խոսում են աղբահանության, քաղաքային կանաչապատման եւ առողջապահական համակարգի խնդիրների մասին: Այս խնդիրները կարող են արագ լուծվել` արդյունավետ կառավարման ներդրմամբ եւ քաղաքացիների ներգրավվածությամբ», - ասաց քաղաքապետի թեկնածուն:

Նա բարձր  է գնահատում ՀՅԴ-ի հնարավորությունները ընտրություններում, բայց այլ թեկնածուներին արժանի հակառակորդներ է համարում: Հարցին, թե որն էր մայրաքաղաքի նախկին իշխանությունների գլխավոր սխալը, Միքայել Մանուկյանն ասաց. «Իհարկե, կոռուպցիան»:

Հիշեցնենք, որ «սեւերի» եւ «սպիտակների» բաժանման մասին առաջին անգամ խոսեց «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու, դերասան Հայկ Մարությանը: Գաղափարը շարունակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: