Դաշնակցությունը կողմ է քվեարկել Կառավարության ծրագրին, որտեղ նաեւ նշվում է 1 տարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը. տրամաբանական է, որ ընդառաջ ենք գնում, բայց, իմ անձնական կարծիքով, ինչ որոշում էլ կայացվի, պետք է լինի Սահմանդրության տառին համահունչ, որեւէ պարտադրանք քաղաքական ուժերի վրա անթույլատրելի է։  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28–ին, NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի մտադրությանը նախատեսվածից վաղ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Եթե վարչապետ Փաշինյանը որոշի Խորհրդարանի ինքնալուծարում նախատեսող՝ Սահմանադրական փոփոխություններ բերել ԱԺ, արդյո՞ք Դաշնակցությունը կողմ կքվեարկի՝ հարցին, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Դա պիտի քննարկման արդյունքում լինի, նույն ժողովուրդը, որը համաձայն է արտահերթ ընտրությունների, «այո» է ասել գործող Սահմանադրությանը»։

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ոչ մեծաթիվ քվեներին անդրադառնալով, Ռուզան Առաքելյանն ասաց, որ դա չի տալիս համակողմանի պատկեր քաղաքական ուժի մասին, նույնիսկ այն քիչ քվեն, որ ստացել է Դաշնակցությունը՝ մտավորականներ են, այն մարդիկ են, որոնք մտահոգություն ունեն ազգային գաղափարախոսության հետ կապված, ուրեմն ՀՅԴ–ն սատարող ուժեր ունի։

Դաշնակցական նախարարների՝ պաշտոնից հրաժարվելու սցենար ՀՅԴ պատգամավորը չբացառեց. «Որպես Դաշնակցություն մենք եղել ենք ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության մեջ, քայլերը պայմանավորված են եղել մեր ժողովրդի շահերով»։

Ճշտող հարցին՝ ո՞ր դեպքում կգնան այդ քայլին, Ռուզան Առաքելյանը պատասխանեց. «Երբ Ղարաբաղի հարցում զիջումներ լինեն։ Հայաստանում՝ հրապարակում իշխող ջրբաժանը, եթե տեղափոխվի Արցախ, կարող է ազդել սահմանին կանգնած զինվորի հոգեբանության վրա»։

Պատգամավորը պարզաբանեց, որ ջրբաժան ասելով նկատի ունի բաժանումը հեղափոխականների եւ ոչ հեղափոխականների, յուրայինների եւ ոչ յուրայինների. «Ամեն մարդ ինքը պիտի մտածի բարիկադի որ կողմում է, մենք ո՛չ այս, ո՛չ այն կողմում ենք, մենք մեզ համարում ենք այս երկրի տերը»։

Ռուզան Առաքելյանը չբացառեց բանակցությունները նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Մենք որեւէ մեկի, որեւէ քաղաքական ուժի հետ բանակցել չենք բացառում, պատրաստ ենք բոլորի հետ սեղանի շուրջ նստել, ինչպե՞ս կարող է քաղաքական ուժը մեկուսանալ, Դաշնակցությունը բաց է բոլորի համար»։

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է ջրբաժանի մի կողմում հայտնված ուժերը համախմբվեն Ռոբերտ Քոչարյանի շուրջ, Ռուզան Առաքելյանը պատասխանեց. «Այս պահին դժվար է ասել, այս պահին շատ է կենտրոնացումը հեղափոխական ուժերի»։