Պետք է հասկանանք, որ հասարակության մոտ 20 տարվա արդարացի ատելություն կա նախորդ իշխանությունների հանդեպ եւ հիմա, երբ «Պանդորայի արկղը» բացվել է, կարող է վատ ծառայություն մատուցել մեր երկրի հետագա զարգացմանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28–ին, NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Նոր իշխանությունները թույլ են տվել արտահայտել այդ բողոքը, դժգոհությունը, ատելությունը եւ նորմալ է, որ ընտրությունների շրջանում դա արտահայտվեց, բայց պետք է այսուհետեւ ընտրությունները ավելի ճիշտ կատարվեն»,–ասաց Սերգեյ Բագրատյանը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետի մասին վարչապետի հայտարարությունը ԲՀԿ–ն պատրաստ է քննարկել եւ առաջարկություններ անել. «Պատրաստ ենք այն առաջարկությունների փաթեթը, որ տեսնում ենք տնտեսության զարգացման համար, ներկայացնել վարչապետին, միգուցե այդ փաթեթը օգնի վարչապետին, իմանալ, ո՞ր ժամկետն է լավագույնը»,–ասաց Սերգեյ Բագրատյանը։
Նա պարզաբանեց, որ, եթե վարչապետը արտահերթն ավելի շուտ կազմակերպելու մտադրությունը հիմնավորում է ներդրողների համար տնտեսության կայունության անհրաժեշտությամբ, ապա իր համոզմամբ, բացի կայունությունից ներդրողներին անհրաժեշտ են օրենքներ, որոնք պետք է արագ քննարկել ԱԺ–ում։
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի դեմ հակաքարոզի, ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում խուզարկությունների մասին Սերգեյ Բագրատյանն ասաց. «Մեզ համար խիստ վիրավորական է նման վերաբերմունքը, մենք պատրաստ չենք եւս մեկ անգամ տրորված խոսքը ասելու՝ հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու մասին։ Մենք գտնում ենք, որ հեղափոխությունը պետք է բերի այն մշակույթը, որտեղ ամեն քաղաքացի կարող է իսկապես վերլուծելով ընտրություն կատարել»։
Դիտարկմանը, որ իշխող քաղաքական ուժից «Լույս» դաշինքը վիրավորված է, ԲՀԿ–ն վիրավորված է, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Ապրիլի 22–ին, երբ ձերբակալվեցին հեղափոխության առաջնորդները, մեր քաղաքական ուժը հայտարարությամբ քննադատեց գործող իշխանությունների վարքագիծը, հետո խնդիր առաջացավ, որ պատգամավորների 1/3–ով վարչապետ առաջադրվի, մենք դա եւս արեցին, բնականաբար, մենք սպասելիքներ ունենք, որպես համարժեք գործընկերոջ, որը, ցավոք, սրտի, հաճախ խաթարվում է։ Ցանկություն ունենք ենթադրելու, որ դա անմիջապես վարչապետի մոտեցումները չեն»։
Նա ընդգծեց, որ մտավախություն ունեն, որ իրենց հանդեպ, որպես գործընկերոջ, համարժեք չէ վերաբերմունքը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։











