Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան հանդիպումը կարեւոր էր, ակնհայտ է, որ նման աշխատանքային քննարկումների անհրաժեշտություն կա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նախօրեին կայացած հանդիպմանը։
Նրա խոսքով, հանդիպումների նպատակը չէ որեւէ կողմին գոհացնելը. «Վահրամ Բաղդասարյանը, վստահաբար, չի գնացել այդ հանդիպմանը, որ Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ էմոցիաներ ու ժպիտներ պարգեւի: Նույնը, երեւի, Նիկոլ Փաշինյանն է արել. չի եկել այդ հանդիպման, որպեսզի Վահրամ Բաղդասարյանը հեռանա մի գավաթ սուրճից հետո բարձր տրամադրությամբ»,-ասաց Աշոտյանը:
Նա բնական համարեց, որ այդ զրույցի մի մասը փակ է, քանի որ դա «ռեալիթի շոու» չէ: «Սա այն դեպքն է, որ ես կարեւորում եմ նաեւ արդյունքը, ոչ միայն պրոցեսը:
Բանակցել ուժի դիրքերից, սպառնալիքների լեզվով մի բան է, եւ բանակցել, երբ ուզում ես լսել օպոնենտիդ կարծիքը, այլ բան է: կարծում եմ՝ եւ վարչապետը, եւ Վահրամ Բաղդասարյանը կարողացան խուսափել գործընթացն անդառնալի դարձնող ձեւակերպումներից»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ հանդիպումից հետո վարչապետը նշեց, որ տարբերակներից մեկը քաղաքական ուժերի հետ համաձայնագրի ստորագրումն է, Աշոտյանն արձագանքեց. «Եթե ուզում եք գործընթացը արդյունավետ ավարտվելու շանս ունենա, ապա որքան քիչ փորձենք արտահոսքեր որսալ, որքան քիչ փորձենք մի դետալ վերցնել ու հանրային քննարկում ծավալել, այնքան մեծ է շանսը, որ կունենանք կոնսենսուս կամ համադրելի վիճակ:
Ներվը պետք է հանել այդ բանակցություններից: Վարչապետը մի քիչ նյարդային էր կարծեք թե վերջին հարցազրույցի ժամանակ: Պետք է քիչ արտահոսքեր տալ, թե ինչ են խոսել, որովհետեւ կարող է մի դետալը մեկիրն ձեռք տա, մյուս դետալը մյուսին ձեռք տա, եւ այդ դետալը հանրայնացնելով հարվածի տակ ես դնում ջենտլմենական պայմանավորվածությունը, որը կարող է ձեռք բերվել: Ես բարձր եմ գնահատում եւ Վահրամի, եւ Նիկոլի պահվածքը, որ ձերծ մնացին ամբողջությամբ խոսակցությունը հանրայնացնելուց»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
«Իհարկե, հետաքրքիր է, ինչպես են խոսում, ով է հաշիվը փակում, ով ինչքան ծխեց, բայց վերջնարդյունքում պրոդուկտը կախված է այն գիտակցումից, որ կողմերը պետք է ունենա, որ կիսելու բան չունեն: Ի վերջո, իշխանությունն էլ կիսելու չի, այն այսօր ամբողջ լծակները գործադիր իշխանության ձեռքում են»,-ասաց նա:
Աշոտյանի խոսքով, իհարկե, պետք չէ թերագնահատել մյուս ուժերին՝ «Ծառուկյան» դաշինքին, ՀՅԴ-ին:











