Երեւանի ավագանու ընտրություններն ընդգծեցին, որ Հայաստանում դեռ կա հետհեղափոխական էյֆորիան, իսկ կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հիմա չեն անի ընտրություններ, որովհետեւ կա հետհեղափոխական էյֆորիա. Ինչ-որ բա՞ն է փոխվել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններ կազմակերպելու թեմային:

Նա նաեւ հիշեցրեց, որ կառավարության ծրագրում նշված է նաեւ, որ ընտրությունները պետք է լինեն Ընտրական օրենսգրքի բարեփոխումներից հետո: «Իսկ հիմա փորձում են մեզ համոզել, որ կարող ենք ընտրական օրենսգիրքը չփոխենք, եթե կա քաղաքական կամք, ապա հին օրենսգիրքն էլ վատը չէ: մինչդեռ ընտրություններ կազմակերպելու համար ԸՕ-ի փոփոխությունները անհրաժեշտ պայման են»,-հայտարարեց Աշոտյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն խուսափում արագ ժամկետներում ընտրություններ անցկացնելուց, մտածում է, որ չե՞ն հաղթահարի շեմը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Գուցե եւ չհաղթահարենք, հարցը դրա մեջ չէ: Հայաստանում բազմակարծության, բազմակուսակցական համակարգի պահպանման վտանգ կա: Երեւանի քաղաքապետի ընտրությունների թիվը երբ փորձում են մեկնաբանել որպես քաղաքական արդյունք, վստահության քվե, ապա առաջանում են կասկածներ ՀՀ բազմակուսակցական ապագայի հետ կապված: Եթե ընտրությունների հիմքում ընկած է ավելի ժողովրդավար Հայաստան ունենալու ցանկությունը, ապա համաձայնեք, չեք գտնի որեւէ ժողովրդավար երկիր, որտեղ հասարակության 80 տոկոսը կարող է երկարաժամկետ քաղաքական կոնսենսուս ունենալ որեւէ քաղաքական ուժի շուրջ:

Ես կարծում եմ, որ այդ ամիսները պետք չեն նրա համար, որ մենք չարախնդանք, որ մարդիկ հիասթափվում են: Հարցը հետեւյալն է, այդ ամիսները պետք են, որ լինեն Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ, դրանից հետո Վենետիկի հանձնաժողովի առաջարկների հիման վրա որոշակի ժամանակահատված՝ 6 ամսից մինչեւ 1 տարի, որ հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր ուժերի համար»:

Նա խոստովանեց, որ իհարկե, այս պահի դրությամբ, եթե դուրս գանք փողոց, այն քանակությամբ մարդիկ, որ 2017-ին ցանկանում էին, այսօր չեն ցանկանա իրեն տեսնել պատգամավոր. «Բայց Թրամփի վարկանիշը հիմա մինուսում է, բայց ոչ ոք չի պահանջում Թրամփի հրաժարական կամ Թրամփի լուծարում: Եվրախորհրդարանի վարկանիշը միշտ եղել է 50 տոկոսից ցածր, Օլանդի վարկանիշը իր վերջին տարիներին եղել է 29-30 տոկոս, բայց ոչ ոք չէր ասում նրան հրաժարական տուր: Սահմանադրականությամբ ձեւավորված ԱԺ-ի լեգիտիմությունը չի կարելի չափով սոցիոլոգիական հարցումների տվյալներով: Եթե այսպես գնանք, երբեք այլեւս 5 տարի գոյատեւող ԱԺ չենք ունենա»,-իր խոսքն ամփոփեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը: