Կարծում եմ, բոլոր քաղաքական ուժերը պիտի վերագտնեն քաղաքական ողջամտությունը, եւ ի վերջո առանց ցնցումների, առանց լուրջ լարվածության կարողանան պատշաճ կերպով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին NEWS,am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք»խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Խոսել, բանակցել, քննարկել միշտ էլ հնարավոր է, եթե կա ցանկություն: Ժամկետների հարցով փոփոխություն, կարծում եմ, չի լինի եւ չպետք է լինի, որովհետեւ նաեւ վարչապետը նշեց, որ միանշանակ է, որ դեկտեմբերին են լինելու ընտրությունները: Կարելի է արդեն մյուս հարցերի շուրջ՝ Ընտրական օրենսգրքի եւ այլ տեխնիկական հարցերի շուրջ բանակցել, քննարկել եւ ես գիտեմ, որ վարչապետը նույնպես պատրաստակամ է»,-ասաց Հայկ Կոնջորյանը:

Նրա համոզմամբ՝ վերջին մի քանի օրերի ճգնաժամային իրավիճակը բխում է հենց նրանից, որ մյուս ուժերը չեն ցանկանում ժամկետների հարցում գալ համաձայնության:

«Իհարկե, ժամանակը կարճ է, բայց մենք ապրում ենք արտասովոր ժամանակներում եւ պետք է կայացնենք արտասովոր որոշումներ»,-ասաց «Ելքի»  պատգամավորը:

Նա առաջարկեց մոբլիզացնել ուժերը եւ կրկնակի, եռակի, քառակի ավելի շատ աշխատել քաղաքացիների  հետ, որ հնարավոր լինի այդ ժամանակում տեղավորվել:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե իրենք մեծ ներդրում ունեն վարչապետի ընտրության հարցում, Կոնջորյանն ասաց. «Բոլոր այն ուժերը, որոնք ընտրել են վարչապետին, ընտրել են ժողովրդի թեկնածուին, որեւէ մեկին ծառայություն չի մատուցվել, որ հնարավոր լինի ասել, գիտեք՝ մենք քեզ լավություն արեցինք այն ժամանակ, հիմա էլ դու ինչ-որ բանով մեզ զիջիր: Այդ տրամաբանության մեջ պետք է չխոսել եւ պետք է ավելի կոնստրուկտիվ դաշտ անցնել»:

Խոսելով «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարության մասին, որ այդ ձեւաչափն այլեւս գոյություն չունի, Հայկ Կանջարյանն ասաց՝ գոյություն ունի «Ելք» խմբակցություն, բայց ի տարբերություն խմբակցության, քաղաքական իմաստով՝  «Ելք» դաշինքը պասիվ վիճակում է.  ապագան ցույց կտա, ինչ գործընթացներ տեղի կունենան:

ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ վարչապետի քննարկումների շարունակության հնարավորության մասին Կոնջորյանն ասաց. «Ենթադրում եմ, որ կլինի քննարկում, եթե ժամկետների շուրջ լինի համաձայնություն, քննարկումները կխորանան նաեւ այլ հարցերի ուղղությամբ: Երբ կլինեն, չեմ կարող ասել, կարծում եմ, որ քննարկումներ կլինեն, որովհետեւ վարչապետը պատրաստակամ է աշխատել դիալոգի միջոցով»:

Նա չբացառեց, որ վարչապետը այդ քաղաքական ուժերի հետ հանդիպի առաջիկա մի քանի օրում: