ՀՀԿ խմբակցության պատգամավորների՝ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը, թե ցանկացած պահի կկանգնի Նիկոլ Փաշինյանի կողքին եւ Ալիկ Սարգսյանի խոսքը, թե վար կդնի մանդատը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը կուսակցության քայքայում չի որակում։ NEWS.am–ի հետ հարցազրույցում պատգամավորը խորհուրդ է տվել մեկ անգամ էլ կարդալ Հ. Թումանյանի «Սիրիուսի հրաժեշտը», որտեղ այսպիսի տողեր կան. «Մարդու քանի՞ սերունդ կանի մի հրաժեշտն աստեղային»։
Մինասյանը թեման չի քննարկել խմբակցության իր ընկերների հետ, բայց կարծում է՝ նախադրյալներ չկան, որ կուսակցությունը եւս վարչապետին աջակցելու հայտարարությամբ հանդես գա։
«Նման իրավիճակներում ամենաճիշտը բանակցային փուլով անցնելն է, մենք ունենք ոչ ստանդարտ իրավիճակ, եւ պետք է առաջնորդվենք մի շահով՝ դա մեր պետության շահն է»,–ասել է Գագիկ Մինասյանը։
«Ես առավել քան համոզված եմ, որ քննարկումների արդյունքում կգտնվի այն ճիշտ լուծումը, որը մեզ կտանի դեպի այդ շահը, միգուցե այդ ճանապարհին որոշ քաղաքական ուժեր լրիվ հրաժարվեն իրենց տեսակետներից, ոմանք մասամբ հրաժարվեն, բայց այդ կոմպրոմիսը անհրաժեշտ է, որովհետեւ եթե որեւէ մեկը չի գնում կոմպրոմիսի, վտանգում է այն ուժը, որը առաջնորդում է. կոմպրոմիսի ճանապարհով դու քո ճշտին ավելացնում ես դիմացինի ճիշտը, իսկ քո թերի կարծիքներից կարողանում ես ձերբազատվել»,–հավելել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը։
Նա համոզված է, որ Աժ–ը պարտավոր է գործել մինչեւ այն օրը, քանի դեռ հնարավորություն ունի. «Միակ առաջնային մանդատ ունեցող մարմինն է։ Երբ է այդ օրը՝ կախված է բանակցային գործընթացից»։
Անդրադառնալով դեկտեմբերին ընտրությունների անցկացման հնարավորությանը, Մինասյանն ասել է. «Ամեն ինչ կախված է քննարկումներից եւ ինչքան քիչ խոսվի ուլտիմատիվ ձեւակերպումներով, այնքան բանկցությունն արդյունավետ կլինի։ Ուլտիմատումով վնասում եք պետությանը»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։











