Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տեղի ունեցավ ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստյան արարողությունը (ֆոտոռեպորտաժ

«Հայոց ազգային բանակի»  գնդապետ եւ Արայիկ Խանդոյանի մարտական ընկեր Արամ Թորգոմյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արայիկ Խանդոյանի նման մարդիկ օրինակ են երիտասարդ սերնդի համար:

«Նման մարդկանց դարերով հիշելու են: Ամեն հարյուրամյակը մեկ  հայ ազգը ծնում է հերոսներ, որոնք իրենց ուսերի վրա տանում են հայոց հաղթարշավը: Ցավոք, մեր շարքից պակասում են նրանք, ովքեր իրենց ապրած կյանքով դաս ու հայրենասիրություն են դավանում երիտասարդ սերնդին: Արայիկի նմանները չեն մահանում, նրանք հավերժ կմնան մեր պատմության էջերում»,- ասաց Թորգոմյանը:

Նշենք, որ Արայիկ խանդոյանը կհուղարկավորվի վաղը՝ հոկտեմբերի 14-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը պարգեւատրվել էր Արցախի եւ ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգեւով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» եւ այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի եւ Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր: «Միայնակ Գայլ» Խանդոյանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու եւ զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով։ 2018 թ. օգոստոսի 18–ին դատարանի որոշմամբ փոխվել էր Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը. նա ազատ էր արձակվել պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է «Միայնակ Գայլ» մականունով, մահացել է հոկտեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը  Գյումրիում, նախնական տվյալներով՝ սրտի կաթվածի հետեւանքով։ Խանդոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր: