Էներգետիկայի եւ բնական պաշարների ու գյուղատնտեսության ոլորտում քաղաքական նշանակում չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24–ին, խորհրդարանում ասաց վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Երկու ոլորտներում էլ պրոֆեսիոնալներ են նշանակվել՝ եւ նախարարները, եւ փոխնախարարները։ Ուրիշ հարց է, որ պրոֆեսիոնալներ կան, որոնք ուրիշ պրոֆեսիոնալների կողմից չեն ընդունվում։ Սա, սակայն, խնդիր է բոլոր ոլորտներում։ Տնտեսության թռիչք հնարավոր է, երբ ավելի մեծ թվով մարդիկ տեսնեն, որ երկրում ստեղծված է հավասար հնարավորություն ու ինքը կարող է իր ստեղծարար ու գործարար տաղանդն իրացնի։ Մենք մարդկանց պետք է քաջալերենք աշխատանքի, խորհրդային ժամանակները չեն։ Անհատական ջանքն է տնտեսության զարգացման ամենակարեւոր միջոցը»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի թեկնածուն նշեց, որ անհրաժեշտ է հավասար դաշտ ստեղծել, որ մարդիկ հարստանան ոչ թե այն պատճառով, որ կլինեն վարչապետի ընկերը կամ ազգականը, այլ իրենց խելքի ու տաղանդի շնորհիվ. «Գործարարի ինչի՞ն է պետք լինել Ազգային ժողովի պատգամավոր։ Մենք երաշխավորում ենք, որ բոլորը կունենան հավասար պայմաններ ու հնարավորություններ»։