Ամեն ինչ կախված է մեր աշխատանքի արտադրողականությունից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի 2-րդ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով հարցին, թե հանձնաժողովը քիչ ժամանակ ունի աշխատելու, կհասցն՞ի ավարտին հասցնել աշխատանքները:
«Եթե մենք կարողանանք երեք-չորս անգամ արագ աշխատել, իսկ դուք տեսնում եք, որ մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր ես տեղեկատվություն եմ ստանում, հանդիպումներ եմ ունենում, արդեն հանդիպել եմ էներգետիկայի նախարարի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փաստացի ղեկավարի հետ, հաջորդ շաբաթ կունենանք պրեզենտացիա առաջիկա 10 տարիների ներդրումային ծրագրերի մասով, որին կհաջորդի բուն հարցադրումները համապատասխան գերատեսչություններին ու դրանց ղեկավարներին»,–նշեց նա։
Մելքումյանը շեշտեց, որ 2013 թվականի դեկտեմբերին ԱԺ–ի կողմից վավերացված ՀՀ–ՌԴ ստորացուցիչ պայմանագիրը պետք է վերանայվի. «2013 թվականի դեկտեմբերին ԱԺ–ի կողմից վավերացված ՀՀ–ՌԴ միջեւ գազային (ես չեմ խորշի ասել) ստորացուցիչ պայմանագրի դրույթներից մեկով 2013 թվականից սկսած առաջիկա 20 տարիների ընթացում, եթե ոչ ավելի, մենք պետք է «Գազպրոմի» համար ապահովեինք համապատասխան շահութաբերություն եւ համապատասխան ծավալներ, այսինքն՝ ինչքան ուզում ես այլընտրանքային էներգետիկայի միջոցով ստանաս էլեներգիա եւ գինը իջացնես, «Գազպրոմի» բաժինը պիտի պահենք։ Սա պետք է վերանայվի եւ երկրորդը եւ ամենակարեւորը, որ «Գազպրոմ Արմենիա»–ի կողմից 700 մլն դոլարից ավելին ներդրումներ են ժամանակին կատարվել Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ձեռքբերման եւ վերջնական շահագործման համար եւ Իրան–Հայաստան գազատարի ընդամենը 40 կիլոմետրն է մեր կառավարությանը, մնացած 170 կիլոմետրը «Գազպրոմ»–ն է արել եւ այդ ամբողջ ներդրումների ծավալը մտած է սակագնի մեջ, այսինքն՝ դրանով ուզում է իր եկամտաբերությունը պահի, իսկ մենք պետք է այնպիսի դրույթներ ունենանք ՌԴ–ի հետ պայմանագրում, որը թույլ կտա սակագները իջացնենք։ Գազի համակարգում 139 դրամը, որ դարձնենք 134 դրամ, 5 դրամ իջացնենք, մենք պետք է 17 մլրդ դրամ խնայենք ամբողջ շղթայում, իսկ ՀՀ–ի էլեկտրաէներգետիկ համակարգում 5 դրամ սակագինը իջացնելու համար մեզ պետք է 27 մլրդ դրամ։ Այս ամբողջ շղթայում այդ խնայողությունները գտնելն անհնար չէ, ես համոզված եմ, որ հնարավոր է»,–շեշտեց նա։
Նա նշեց, որ կապի մեջ է նաեւ կառավարության աշխատանքային խմբի հետ, որ նոյեմբերի վերջին ամբողջական եւ փաստարկված հարցադրումներ ունենալն։
Մելքումյանը հավելեց նաեւ, որ կլինի նաեւ գաղտնի նիստ, որը կապված կլինի գազատարի ռիսկային տեղաբաշխումների հետ։











