Հայաստանի Հանրապետական կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես արմատական-կառուցողական ընդդիմություն: Հոկտեմբերի 26-ին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ, հայտարարց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա ասաց, որ մոտ ապագայում ՀՀԿ-ն կանցկացնի համաժողով, որի ընթացքում կորոշվի ընտրություններին մասնակցելու վերջնական ձեւաչափը եւ կընտրվի պատգամավորների թեկնածուների ցանկը: «ՀՀԿ-ն կներկայացնի ընդդիմադիր ուժին արժանի ցուցակ», - վստահեցրեց խմբակցության ղեկավարը` հավելելով, որ կուսակցությունը պատրաստ է ընտրությունների ցանկացած արդյունքներին:

Պատգամավորը շեշտեց, որ իրենց քաղաքական ուժի նպատակը խորհրդարանական հանրապետության արժանի քաղաքական խորհրդարանի ձեւավորումը կլինի: «Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել իշխանություն կամ ընդդիմություն դառնալը: Ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի իրավիճակի փոփոխության դեպքում եւ´ իշխանություն, եւ´ ընդդիմություն, ներառյալ խորհրդարանում փոքրամասնություն լինել», - ասաց Վահրամ Բաղդասարյանը` չբացառելով, որ ՀՀԿ-ն կարող է ընդհանրապես խորհրդարան չմտնել: