Ռուսաստանում հանքային պարարտանյութերի խոշորագույն արտադրող «ԵվրոՔիմ» ընկերությունը (գլխավոր գրասենյակը՝ Ցուգ քաղաքում (Շվեյցարիա) մտադիր է Հայաստանում դիստրիբյուտորական ցանց ստեղծել (ֆոտոռեպորտաժ):
Այդ նպատակով հոկտեմբերի 25-ին «ԵվրոՔիմ Թրեյդինգ ՌՈՒՍ» ՍՊԸ-ի գլխավոր մենեջերները հանդիպեցին Հայաստանից մեծածախ առևտրով զբաղվող գործընկերների եւ Երեւանի մարզերի վարչակազմերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում համագործակցության համաձայնագրեր ստորագրվեցին հանքային պարարտանյութերի մի քանի տեղական ներմուծողների՝ «Սափսան Թրեյդ» ՍՊԸ-ի, «Արտագրո» ՍՊԸ-ի, «Քիմիմպեքս» ՓԲԸ-ի,«Էյ ընդ Էմ» ՍՊԸ-ի հետ:
«ԵվրոՔիմ Թրեյդինգ ՌՈՒՍ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Սերյոգինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ EuroChem Group AG ձեռնարկություններն արտադրում են ազոտային, ֆոսֆորային, իսկ 2018-ից արդեն՝ կալիումական եւ հատուկ ջրալուծվող պարարտանյութեր, ինչպես նաեւ օրգանական սինթեզ եւ երկաթահանքային խտանյութ:
«Հատուկ պարարտանյութերը՝ ջրալուծվողները, միկրոտարրերը եւ բիոպրեպարատները Հայաստանում շատ պահանջված կլինեն: Այս պարարտանյութերը հարկավոր են հատուկ կուլտուրաների, բանջարեղենի, խաղողի, բազմամյա տնկիների աճեցման համար: Սա պատճառներից մեկն է, թե ինչու մենք որոշեցինք, որ հարկավոր է ունենալ լիարժեք ներկայություն եւ դիստրիբյուտորական ցանց ստեղծել Հայաստանում»,- նշեց նա:
«ԵվրոՔիմ Թրեյդինգ ՌՈՒՍ» ընկերությունը հայկական շուկայի հետ աշխատում է արդեն 2 տարի: 2017 թվականի ընթացքում ընկերությունը մոտ 25 հազար տոննա պարատանյութ է մատակարարել Հայաստան:
«Մենք այստեղ ուզում ենք ներկա լինել ոչ միայն որպես մատակակարներ, այլեւ որպես տեխնոլոգիական գործընկերներ, քանի որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգանում է, ավելանում են նրա ցանքատարածությունները, եւ այստեղ մենք բերքատվության եւ արտադրանքի որակի բարձրացման պահանջարկ ենք տեսնում, հատկապես՝ հատուկ կուլտուրաների, բանջարեղենի եւ մրգերի, ինչպես նաեւ ցորենի եւ եգիպտացորենի աճեցման համար նախատեսված տեխնոլոգիաների զարգացման մեջ: Ուստի մեզ պետք է ոչ թե պարզապես մատակարարել պարարտանյութերը, այլեւ զբաղվել տեխնոլոգիաների մշակմամբ, Հայաստանի կլիմայանական պայմանների համար դրանց ադապտացմամբ»,- նկատեց Սերյոգինը:
Մրցունակության տեսանկյունից գնային քաղաքականության առնչությամբ նա նշեց, որ պարարտանյութերի շուկայի փոփոխականությունը բարձր է, եւ գները զգալիորեն փոխվում են սեզոնի ընթացքում, մասնավորապես, գարնանը, որպես կանոն, աճում են:
«Հայաստանում դիստրիբյուտորական ցանցի ստեղծումը թույլ կտա հարթել սեզոնային գնային տատանումները, քանի որ դիստրիբյուտորի հիմնական դերն է սեզոնին պարարտանյութերի գնումների իրականացումը, երբ գները ցածր են, կազմակերպել դրանց տեղափոխումը, պահպանումը եւ հաճախորդներին ապահովել արդեն սեզոնի բարձրակետին, երբ պարատանյութերի պահանջարկը մեծանում է»,- նշեց գլխավոր տնօրենը:
NEWS.am-ի հարցին՝ Հայաստանում ընկերությունը շուկայի ինչպիսի՞ ընդգրկում են մտադիր ապահովել, նա պատասխանեց, որ «ԵվրոՔիմ»-ը Ռուսաստանում 30 տոկոսն է զբաղեցնում: «Կարծում եմ, որ Հայաստանում մենք պետք է զբաղեցնենք դրանից ոչ պակաս: Չնայած Հայաստանը պարարտանյութեր է ներմուծում Վրաստանից, Իրանից, մենք այն ներքին շուկա ենք համարում»,- նշեց Սերյոգինը:
«Քիմիմպեքս» ՓԲԸ տնօրեն Կառլեն Ալեքսանյանն իր հերթին ասաց, որ իր ընկերությունը «ԵվրոՔիմի»-ի հետ համագործակցում է 2016 թվականից:
Այս ընկերության արտադրած պարարտանյութերը տարբերվում են նրանցից, որոնք ներմուծում ենք Վրաստանից եւ Իրանից: «ԵվրոՔիմ»-ի լայն տեսականին հայկական շուկայի համար նորություն է, որն արդեն պահանջարկ ունի: 2016 թվականին մենք Հայաստան ենք մատակարարել այս ընկերության ընդամենը 1 հազար տոննա, իսկ արդեն 2017 թվականին մատակարարումների ծավալը 2 անգամ մեծացրել ենք: 2018 թվականի արդյունքներով ավելի մեծ աճ ենք ակնկալում»,- ասաց Ալեքսանյանը:
«Հանքաքիմիական «ԵվրոՔիմ» ընկերությունը կառավարում է EuroChem Group AG-ի ակտիվները Ռուսաստանի Դաշնությունում եւ ԱՊՀ երկրներում: EuroChem Group AG-ն միջազգային ընկերություն է, աշխարհում խոշորագույն հանքային պարարտանյութեր արտադրողներից մեկը: EuroChem Group AG-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում, արտադրական, լոգիստիկ, իրացման ձեռնարկությունները՝ Բելգիայում, Լիտվայում, Էստոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում: Աշխատակիցների հաստիքակազմը ավելի քան 23 հազար մարդ է: EuroChem Group AG-ն ուղղահայաց ինտեգրման ընկերություն է՝ գործունեության լայն ոլորտով. օգտակար հանածոների եւ ածխաջրածինների արդյունահանումից մինչեւ պարարտանյութերի արտադրություն, լոգիստիկա եւ դիստրիբուցիա: Ընկերության արտադրանքը մատակարարվում է աշխարհի ավելի քան 100 երկիր:











