Կան վարկային պայմանագրեր, որոնք կարող են վերանայվել, որովհետեւ նույն նպատակին հասնելու համար հնարավոր է ավելի օպտիմալ լուծումներ գտնել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

«Օրինակ, Հայաստան–Վրաստան ուղղությունը, ինչպես գիտեք, աշխատանքները դադարեցված են, որ մեզ անհրաժեշտ է զուգահեռ աշխատանք տանել Վրաստանի հետ, դա չի քննարկվում, դա պետք է մեզ։ Էներգահամակարգի զարգացման հետագա ավելի մեծ հոսքերի ապահովման համար ցանկացած նման հոսքի ավելացում կարող է բերել նաեւ ներքին սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման։ Այլ հարց է, որ հիմա ծրագիրը գտնվում է ուսումնասիրության փուլում, փորձում ենք ավելի օպտիմալ տարբերակներ գտնել, որ ավելի որակով ու էժան կլինեն»,– ասաց նա։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով, կարող են լինել նաեւ որոշ վարկային ծրագրեր, որոնք հնարավոր է՝ փոխարինվեն. «Այս պահին մենք բանակցում ենք Եվրոպական բանկի եւ այլ բանկերի հետ, կարող է լինել որոշակի վարկային ծրագրերի փոխարինում, որի արդյունքում կունենանք սպասարկման տոկոսի նվազում եւ մարման ժամկետի երկարաձգում, որը հոսքերի վրա դրական ազդեցություն կունենա»։