Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) նախագծերը, հաջողությամբ իրականացվելու դեպքում, կօգնեն Հայաստանին հայտնվել աշխարհի տեղեկատվական երկրների առաջին տասնյակում։ Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ ելույթ ունենալով Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (ԵրՄՄԳՀԻ) FAST տեխնոլոգիական հիմնադրամի նոր գլխավոր գրասենյակի բացմանը։
Նրա խոսքերով՝ FAST-ի գործունեությունը Հայաստանում դարձել է երկրի գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի արդյունքներից մեկը։
«Հանձինս FAST-ի թիմի, Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության նոր աշխատակազմը ձեռք է բերել համախոհներ, որոնց գաղափարներն ու երազանքները համընկնում են հաստատության թիմի նախանշած առաջնահերթություններին՝ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում։ Պատահական չէ, որ միջազգային գործընկերների հետ մեր բանակցություններում մենք հիշատակում ենք ոչ միայն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ «Արմատ» ինժեներական լաբորատորիաների, այլեւ FAST-ի, որպես կրթական բրենդի, նախաձեռնությունների մասին»,- ասաց Մանուկյանը։
Նա հավելեց, որ FAST-ի օրինակով պետության եւ մասնավոր ոլորտի համագործակցությունը հաջողություն կունենա։
FAST-ը գործարկվել է 2016թ․ եւ նպատակ ունի ստեղծել բարենպաստ էկոհամակարգ՝ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս նորարարությունների խթանման եւ գիտական առաջընթացի համար։ FAST-ը մտադիր է կենտրոնացնել եւ միավորել հայկական ու միջազգային գիտական հանրության ֆինանսական եւ տեխնոլոգիական ռեսուրսները։
Հիմնադրամի համահիմնադիրներն են՝ Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» IDeA հիմնադրամի կողմից, հայր Մեսրոպ Արամյանը՝ «Այբ» եւ «Լույս» հիմնադրամների կողմից, ինչպես նաեւ՝ բարձր տեխնոլոգիաների եւ նորարարությունների ոլորտում ձեռներեց Արթուր Ալավերդյանը։











