Ցանկացած օրենք մենք խմբակցությունում քննարկում ենք, համաձայնություն տալիս ենք, բայց իմ անունը թույլ չեմ տալիս գնա կառավարություն, հաստատեն կամ չհաստատեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ այս ընթացքում հանդես եկել է:
Հարցին, թե արդյոք ԱԺ սպասվող ընտրություններում ինքն է գլխավորելու ԲՀԿ ցուցակը, Գագիկ Ծառուկյանը դրական պատասխան տվեց. «Այո, ես եմ գլխավորելու, ցուցակն էլ կազմում եմ, դեռ մտածում եմ՝ ոնց կազմեմ, ոնց անեմ, որ փոփոխություն լինի: Ամեն ինչին էլ ուշադրություն եմ դարձնելու»:
Ինչ վերաբերում է իր գործարար փեսաների նոր ԱԺ-ում լինելուն, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Իրենք բոլորն էլ սեփականատերեր են, գործարարներ չեն: Եթե ժողովուրդը ցանկանա իրենց ձայն տա, ուրեմն այդ հարցում կմտածենք»:
Նա ընդգծեց, որ իրենց համար միեւնույն է, թե որ ընտրական օրենսգրքով տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները՝ գործո՞ղ, թե ԱԺ-ում այս պահին քննարկվող:











