Ես կողմնակից եմ ռեյթինգային ընտրակարգին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Ես 1996 թվականից առաջադրել եմ իմ թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի պաշտոնում։ Այն ժամանակ Լեւոն Տեր–Պետրոսյանի  ժամանակահատվածում ամբողջ պետությունը ինձ դեմ է եղել, կուսակցությունները նույնությամբ, բայց ես անհատական քաղաքականությունից հեռու մարդ եկել եմ եւ ժողովուրդը հաղթել է, բայց ցավոք այնպես ներկայացրին, որ ես չեմ հաղթել։ Դրանից հետո 1999 թվականին նույն է եղել, առանց կուսակցական պատկանելիության եւ բոլոր կուսակցությունները նորից այլ թեկնածու են առաջարկել, նորից անհատ եմ ներկայացել, նորից ժողովուրդը հաղթել է եւ ընտրել է ինձ, դրա համար ես կողմ եմ ռեյթինգայինին»։

Նա շեշտեց, որ եթե պետությունը թույլ չի տալիս, նույնիսկ ռեյթինգայինի պարագայում ընտրակաշառք ոչ ոք չի կարող բաժանել։

«Եթե շատերը ասում են, որ մեծահարուստները գումարներ կբաժանեն, անհատական ձեւով կանցնեն, այդտեղ ես պետք է մի բան ասեմ, եթե պետությունը թույլ չի տալիս, ուրեմն ոչ ոք չի կարող գումարներ բաժանել։ Ես, փառք Աստծո, երբեք  գումար չեմ բաժանել, բայց ժողովուրդը ինձ ընտրել է։ Բա այդպիսի մարդկանց ճանապարհը ինչո՞ւ համար ենք փակում։ Ես կողմնակից եմ ռեյթինգայինին իմ ապրած ձեւով»։

Սակայն պատգամվորը նշեց, թե ինչու է սկզբունքորեն դեմ լինելով կողմ քվեարկել ԸՕ փոփոխությունների փաթեթին. «Հիմա ես չեմ կարող 30 հոգի «Ծառուկյան» դաշինքից կողմ քվեարկեն, ես լինեմ անհատ ծաղիկ եւ դեմ քվեարկեմ։ Բացի դրանից երբ այս հեղափոխությունը արել է ամբողջ աշխարհի հայությունը, եւ ես էլ դրանց մեջ եմ եղել իմ ելույթներով, մասնակցությամբ, ես չեմ կարող ձեռնպահ մնալ, բայց իմ սկզբունքին դեմ գնալով քվեարկելու եմ կողմ»։

Հարցին՝ ճնշո՞ւմ են գործադրել պատգամավորի վրա, Ղուկսյանն ասաց. «Ինձ ոչ ոք չի կարող ճնշել։ Բայց երբ ժողովուրդը ուզում է, որ իր ընտրյալը՝ Նիկոլ Փաշինյանը ուզում է այդ սկզբունքը,մենք անում ենք այդ սկզբունքը»։

Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, երկրորդ անգամ տապալվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Փաթեթին կողմ է քվեարկել 62, դեմ 2 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 կողմ ձայներ:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ այս փաթեթի ընդունումը ԱԺ արտահերթ նիստում տապալվել էր, քանի որ ՀՀԿ-ն դեմ էր արտահայտվել նախագծին եւ չէր մասնակցել քվեարկությանը: Արդյունքում նախագծին կողմ էր քվեարկել 56 պատգամավոր: Նկատենք, որ ՀՀԿ-ականները պնդում են, որ առանց իրենց խմբակցության անդամների եւս հնարավոր է հավաքել 63 կողմ ձայն: