Իսրայելում Լացի պատի վրա օձի հայտնվելը որոշ մարդիկ գնահատել են որպես աշխարհի վերջի մասին նախազգուշացում եւ Աստվածաշնչում նկարագրվող Ապոկալիպսիսի իրականացում՝ տեղեկացնում է Sun-ը։

Բացի այդ, օձի կողմից աղավնու որսը, ինչպես նշում է հրատարակչությունը, կրոնական անձանց կողմից գնահատվել է որպես «վտանգավոր ժամանակներում մեր ապրելու» նշան։

Որոշ փորձագետների կարծիքով՝ օձը դարձել է մոտեցող Ապոկալիպսիսի երրորդ վկայությունը՝ նշում է «Իններորդ ալիքը»։

2018թ․ հոկտեմբերին իսրայելցի լուսանկարիչը Մեռյալ ծովում կենդանի ձուկ էր տեսել, ինչը հիմք հանդիսացավ այն խոսակցությունների համար, թե Եզեկել մարգարեի կանխատեսումն է իրականանում՝ աշխարհի վերջից առաջ մեռյալ ջրերում կյանք է հայտնվում։

2018թ․ սեպտեմբերին Իսրայելում կարմիր հորթ էր ծնվել, ինչը եւս աշխարհի վերջի կանխատեսումների հետ կապվեց։

Սակայն, ականատեսներից շատերը հաստատում են, որ չարժի այդքան հոռետեսորեն գնահատել սովորական երեւույթը՝ սողունը ուղղակի աղավնի էր որսում։

Այս տարվա հոկտեմբերի 31-ին Լացի պատի վրա օձի հայտնվելը խառնաշփոթ եւ նույնիսկ տագնապ էր առաջացրել։ Սողունը դուրս էր եկել պատի ճեղքից հենց այն պահին, երբ այնտեղ աղավնիներ էին հայտնվել՝ գրում են իսրայելական ԶԼՄ-ները։

Օձին բռնել էին սողուններ որսալու հատուկ սարքով։ Պարզվել էր, որ այն իժերի ընտանիքին պատկանող եւ մարդկանց համար որեւէ վտանգ չներկայացնող տեսակ է։