Այս պահին գազի սակագնի շուրջ բանակցությունները ընթանում են, եւ սահմանին գազի գնի ձեւավորման եւ ներքին կառուցվածքի հետ կապված։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Բնականաբար բանակցությունները գնում են դեպի նվազեցման կողմը։ Եւ որպեսզի բանակցության ընթացքին որեւէ ազդեցություն չունենանք, մի փոքր էլ սպասեք։ Երբ որ բանակցությունները կավարտվեն, այդ ժամանակ կֆիքսվեն ժամկետները։ Բանակցում ենք թե «Գազպրոմի», թե ՌԴ էներգետիկայի նախարարության հետ»,-ասաց Բաղրամյանը:

Նա անդրադարձավ նաեւ մամուլի հրապարակմանը, որ ՀԾԿՀ նախագահի պաշտոնակատարն ու ինքը ամեն ինչ անում են, որ բնակչությանը գազի մեկ խմ-ն 100 դրամով վաճառելու մեխանիզմը չհասնի վարչապետին, նշելով. «Անհեթեթություն է, թե կան մեխանիզմներ, որոնք ուզում են ներկայացնել վարչապետին, իսկ մենք խոչընդոտում ենք: Եթե կա նման մարդ, որն ունի մեխանիզմներ, հաշվարկներ, ես պատրաստ եմ հենց վաղը բոլորի մասնակցությամբ իրեն ընդունել, լսել, քննարկել բոլոր հաշվարկները»: