Հնարավորություն կա՞, որ Հայաստանի արտաքին պարտքի մի մասը վերաձեւակերպվի, որ բյուջեի վրա տարեցտարի ծանրացող այդ բեռը թեթեւանա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նա նաեւ հարցրեց, թե կա՞ արդյոք հնարավորություն, որ խնդրենք պարտատերերին, որ արտաքին պարտքի մի մասը զիջեն Հայաստանին:
Ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Առաջարկում եմ ընդհանրապես այդպիսի մտադրություն չունենալ, որովհետեւ դա ամենալավ լուծումը չէ: Մենք պետք է մտածենք ոչ թե խնդրելու մասին, որ մեզ ներվի այդ պարտքը, այլ պետք է մտածենք, թե որքան արագ տնտեսությունը պետք է աճի, որ այդ պարտքի սպասարկումը դառնա չնչին: Մենք ամեն ջանք պետք է գործադրենք, որ որեւէ պարտքի սպասարկում չհետաձգենք, չտեղափոխենք»:
Նա ընդգծեց, որ Հայաստանը 2013-ից համարվում է միջին ցածր եկամուտ ունեցող երկիր, ինչը նշանակում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները փոխում են վերաբերմունքը եւ նրանց կողմից վարկերն ավելի ցածր արտոնյալության պայմաններով են տրամադրվում, քանի որ համարվում է, որ մենք անցել ենք աղքատ երկիր լինելու ժամանակահատվածը. «Սա նման է նրան, որ նպաստառու մարդը չուզենա աշխատել, որ նպաստից չզրկվի: Մենք պետք է ջանք գործադրենք, որ ոչ թե մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հանկարծ այդ շեմը չհատի, որ ընդհանրապես դադարեցնեն մեզ բյուջետային աջակցության վարկեր տրամադրել, այլ ճիշտ հակառակը, մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ շեմը շատ արագ հաղթահարենք եւ ինչ-որ ժամանակ հետո ինքներս դառնանք դոնոր այլ երկրների համար»,-ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը:
Նշենք, որ 2018-ին կանխատեսվում է, որ արտաքին պարտքը կկազմի ՀՆԱ 50-ից ավելի տոկոս, իսկ 2019-ին կնվազի մինչեւ 49,7 տոկոս:











