Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «լայվով» միացել է «Հայաստան» համահայակական հիմնադրամի հեռուստամարաթոնին՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել հանգանակությանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործին, թե արդյո՞ք արժեր դրան հրապարակայնություն տալ և այդ պատմությունը բացել աշխարհի առաջ․ «Մեր պատասխանը միանշանակ այո է, որովհետև մեզ համար ամենակարևոր խնդիրը պարզ, բաց, անկեղծ, թափանցիկ լինելն է մեր ժողովրդի առաջ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամեն նվիրատուի առաջ, և այն ինչ տեղի ունեցավ ոչ թե պետք է նվազեցնի վստահությունը հիմնադրամի հանդեպ, այլ ընդհակառակը մեծացնի վստահությունը, որովհետև մենք դրանով հստակ ուղերձ ենք հղում, որ չենք հանդուրժի հիմնադրամում տեղի ունեցող ոչ մի չարաշահում, և ի վերջո կերաշխավորվեն, որ նվիրաբերված գումարները լիարժեք կերպով կծառայեն իրենց նպատակներին։
Վերջերս տեղի է ունեցել հիմնադրամի տնօրենի փոփոխություն, հոգաբարձուների խորհուրդը ընտրել է նոր տնօրեն և դրանով մենք նշանավորում ենք մեր վճռականությունը, որ «Հայաստան» համահայակական հիմնադրամը պիտի գործի արդյունավետության, վստահելիության, թափանցիկության ամենաբարձր չափանիշներին համապատասխան։
Ես համոզված եմ, որ այս փոփոխությունները և այն փոփոխությունները, որ տեղի ունեցան ՀՀ-ում, միանշանակ պիտի մեծացնեն վստահությունը հիմնադրամի նկատմամբ»,- ասել է Փաշինյանը։ Նա կրկին կոչ է արել անպայման մասնակցել հեռուստամարաթոնին և կատարել նվիրատվություն, որը, վստահեցրել է, կծառայի Հայաստանի և Արցախի ապագային։ Փաշինյանն իր խոսքն ավարտել արևմտահայերեն և արտասանել Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը։











