Սարսափելի վատ տնտեսական համակարգ էր ստեղծված Հայաստանում, որը ծառայում էր 5-10 մարդկանց, իսկ հասարակությունը բան չէր ստանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Վկա այն փաստերը, որոնց հետ մենք գործ ենք ունեցել վերջին 10 տարիներին: Վերջին 10 տարիներին Հայաստանը լքել է 430 հազար մարդ, այսինքն տնտեսության գործունեության արդյունքը սա էր»,-ասաց նա:

Բագրատ Ասատրյանը խոսեց նաեւ այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակից: Դիտարկմանը, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազում կա, սակայն Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք չէ մտահոգվել, նա արձագանքեց. «Մտահոգվել միշտ պետք է, եթե որեւէ նախարար սկսում է զեկուցել, թե ինչ լավ է, դա մի ընդունեք: Մտահոգություններ պետք է լինեն եւ դրանք ունեն պատճառներ: Մենք ունենք եւ ներքին եւ արտաքին գործոններ: Ես զարմանում եմ, որ որեւէ մեկը չասաց, որ արտաքին ֆոնը վատանում է: Պղնձի միջազգային գներն վերջին մեկ տարում ընկել են 10-11 տոկոսով: Երկրորդ գործոնը, մենք շատ սերտորեն կապված ենք Ռուսաստանի հետ, իսկ այնտեղ տնտեսական աճի տեմպերի նվազում կա: Ռուսական ռուբլու արժեզրկումը տարեսկզբից կազմում է մոտ 14 տոկոս: Իհարկե, սա մեր տնտեսության վրա պետք է ազդեր: Հենց այդ պատճառներով տրանսֆերտները օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մոտ 7-8 տոկոսով նվազել են»:

Ինչ վերաբերում է ներիքն գործոններին, Բագրատ Ասատրյանը նշեց, որ դրանցից պետք է լիներ հետհեղափոխական կայունացում ապահովելը, որն իր կարծիքով առկա է: «Այստեղ անգամ դրական տեղաշարժեր ունենք, բանկային համակարգում կա վարկավորման աճ, ընդ որում նման իրավիճակների համար դա աննախադեպ է: Մենք վերջին 9 ամիսների ընթացքում վարկային ներդրումների 10 տոկոս աճ ունենք:  Այսինքն ներքին շուկան դրական է արձագանքում այս փոփոխություններին: Կառավարությունը պետք է դրան բովանդակություն տա»: