Ես մտահոգ եմ եղել և՛ 5 տարի առաջ, և՛ 10 տարի առաջ, և՛ այսօր:  Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը:

«Եթե 5 կամ 10 տարի առաջ ես մտահոգ էի, որովհետև ունեի իշխանություն և պատասխանատվություն, և ինձնից կար շատ սպասելիք, որոնց մի մասը արդարացվել է, մի մասը՝ չի արդարացվել, ապա այսօր մտահոգ եմ, որովհետև այս 7 ամիսների ընթացքում տեսնում եմ լուրջ մարտահրավերներ մեր պետության, մեր ազգի, մեր հոգևոր և ազգային արժեքների նկատմամբ։ Մեկ անգամ չէ, որ խոսել եմ այդ մասին»,- ասաց նա:

Շարմազանովը քննադատեց նոր իշխանություններին, թե նոր Հայաստան եք հռչակում, որ ասեք, թե ձեզնից առաջ ոչ մի լավ բան չի եղել, ու մտահոգ չլինենք.  «Մտահոգ ենք: Ձեր նշած «նոր Հայաստանում» մայիսից էս կողմ որևէ լուրջ զենքի մատակարարում Հայաստանի բանակին չի եղել։ Ես օդում կախված լուրեր չեմ խոսում, ես ասում եմ հրապարակային հայտարարություններ, որոնք արվել են, եւ ձեր կառավարությունը որեւէ պատասխան չի տվել»։

Էդուարդ Շարմազանովը մյուս մտահոգությունը վերաբերում էր մսամթերքը, բանջարեղենը, առաջին անհրաժեշտության ապրանքները մի քանի անգամ թանկանալուն:

«Նայե՛ք մսամթերքի գները մայիսին և այսօր: Թե՞ մեր ժողովուրդը միայն բանան պետք է ուտի: Մեռան աչքներս կոխելով, թե բանանն էժանացել է: Նույնիսկ ժողովուրդը նման կատակ է անում, ասում է, որ ամանորից հետո կարող ենք սառնարանի դռները բացել, միայն «դուխով» գլխարկ տեսնենք: «Դուխով» գլխարկով, պարո՛ն վարչապետ, ժողովրդին չես կերակրի: Մտածի տնտեսությունը զարգացնելու մասին: Քայլերթը լավ է ստացվում, ինչ խոսք, բայց տնտեսություն պետք է զարգացնես»,- ասաց նա:

Շարմազանովը նաեւ անդրադարձավ Փաշինյանի հայտարարությանը, թե արդյունաբերությունը տնտեսության հիմքն է, սակայն գործարաններ է փակում. «Ամուլսարը էնտեղ եք փուռը տալիս, Ալավերդին եք փակում»։

Այնուհետև ԱԺ փոխնախագահը հիշատակեց, որ հեղափոխությունից հետո խոսվում էր Սփյուռքից ներդրումների հոսքի մասին, բացի դրանից, իրենց մեղադրում էին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին քիչ փող էին փոխանցում, քանի որ վստահություն չկար, կոռուպցիոն սխեմաներ կային: «Ձեր նման սրբերը եկել են արդեն: Ինչո՞ւ մեկուկես միլիոն պակաս փող փոխանցվեց: Մենք թալանչիներն էինք, դուք էլ սրբերը, բա ինչո՞ւ սրբերին փող չփոխանցեցին»,- ասաց նա՝ նշելով, որ դա էլ է մտահոգիչ։

Նա նաև մատնանշեց, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար է ընտրվելու:

«Կտեսնենք՝ մեր վարչապետի «դուխով» հայտարարությունների արդյունքում մենք գլխավոր քարտուղարի պաշտոնը կպահպանե՞նք, թե՞ կկորցնենք: Ու կտեսնենք՝ դեկտեմբերի 6-ից հետո ով է սառը ցնցուղ ընդունելու՝ մե՞նք, թե՞ Դուք»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանի խոսքով՝ Հայաստանում կան մտահոգ քաղաքացիներ, և օր օրի նրանց թիվը մեծանում է:

«Մենք ընդդիմություն ենք, բայց պետականամետ ընդդիմություն ենք: Ես ուժեղ, կենտրոնացված պետության կողմնակիցն եմ, որտեղ անվտանգության մարտահրավերն ամենակարևոր է, որտեղ Արցախի հարցի հայանպաստ լուծումն ամենակարևորն է, որտեղ չպետք է հանդուրժվի պետությունից թեկուզ մեկ լումա գողանալը, որովհետև դա անբարոյականություն է, բայց կրկնակի անբարոյականություն է անմեղության կանխավարկածը մերժելը և մարդկանց գլխանց թալանչի անվանելը: Տակից ո՞նց եք դուրս գալու: Ամեն ինչ այս օրով չի վերջանալու, չէ՞»,- ասաց նա: