Մոնթե Մելքոնյանը թշնամու ահուսարսափն էր։ Այսպես է Հայաստանի ազգային հերոս, Հայ դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթե Մելքոնյանին (Ավո) հիշում նրա մարտական ընկեր, նախկին քաղբանտարկյալ Մարտիրոս Ժամկոչյանը, որը 1981թ.-ին Շվեյցարիայում թուրք դիվանագետի է սպանել եւ 10 տարի ազատազրկվել։ Մոնթեի մարտական ընկերներն այսօր՝ նոյեմբերի 25–ին, նրա ծննդյան օրը, «Եռաբլուրում» էին։
«Թշնամու ահուսարսափն էր Մոնթեն եւ ահուսարսափն էն էր, որ որտեղ մտնում էինք, ազատագրում էր։ Մոնթեի անունը, որ լսում էին, գիտեին,որ Մոնթեն էդ ճակատում է, լրիվ փոխվում էր իրենց մտածելակերպը, թե ինչպես պետք է իրենց պահեն։ Եւ մինչեւ այսօր Մոնթեի անունը սարսափ է իրենց համար»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարտական ընկերը։
Նա հիշեց, որ Մոնթեն սիրում էր առաջինը լինել, եւ երբ ասում էին, թե ինքը հրամանատար է, պատասխանում էր. «Ես ուզում եմ առաջինը լինել, որ մարտիկներն էլ վստահություն ունենան, որ ինձ հետեւեն»։
Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր Հովսեփ Հակոբյանն էլ հշեց, որ ազատամարտի սկզբին, երբ Մոնթեն ասում էր շրջանները պետք է ազատագրենք, հազվադեպ մարդիկ կային, որ հավատում էին նրան։
«Երբ որ փաստացի ինքը սկսեց իրագործել իր ասածները, բոլորը շտապեցին ասել, որ դա իրենց մտքերն էին, իրենց գաղափարները»,– ասաց նա։
Հովսեփ Հակոբյանի խոսքով՝ Մոնթեյի ամենավիրավորական խոսքը «Էշն» էր, կամ «ասոնք ապուշ են»։
«Հիմա մարդիկ կան, որ գլուխ են գովում, որ Մոնթեն իրենց էշ է ասել»,– հավելեց Հովսեփ Հակոբյանը։
Մոնթե Մելքոնյանն այսօր 61 տարեկան կդառնար։
Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ եղեռնից փրկված և Կալիֆոռնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետում էր 8 լեզուների: 1992թ. Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարն է եղել, զոհվել է 1993թ. հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:
Թեմա
Տեղադրություն











