ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ալավերդի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով շատ կոշտ էր արձագանքել Արայիկ Հարությունյանի հայտարարությանը՝ կապված նրա հետ, որ ԿԳ նախկին նախարար Աշոտյանի զավակները մասնավոր դպրոցում են սովորել:

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ նախօրեին Էդուարդ Շարմազանովի հետ բանավեճի ժամանակ ինքը կրկին հիշեցրել է, որ ՀՀԿ-ական կառավարության աշխատանքի լավագույն ցուցիչը այն էր, որ կրթության ոլորտի ղեկավարի զավակը գնում էր մասնավոր դպրոց:

«Էստեղ ես չէի խոսում իր զավակի մասին, չէի խոսում մասնավորի լավ կամ վատ լինելու մասին: Ես խոսում եմ այն մասին, որ եթե դու ղեկավարում ես մի գերատեսչություն, ունես քո ենթակայության տակ դպրոցներ ու քո երեխային չես ուղարկում այդ դպրոց, դե պատկերացրեք, թե ինչ վատ վիճակ է այդ դպրոցը:

Արդեն երկրորդ անգամ Աշոտյանը հուզաճմլիկ ստատուսն է գրում ֆեյսբուքում: Իմիջիայլոց, երեւի Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթ են հիշել դալաններում ծեծելու մասին:

Հիմա ստատուսում գրում է՝ այ Արայիկ, էլ իմ ընտանիքին չկպնես, իմ երեխաներին չկպնես: Էստեղ ոչ ընտանիքի հարց կա, որ էլ երեխաների: Այստեղ իր որոշման մասին եմ խոսում: Պետք չէ թաքնվել երեխաների հետեւում, այլ շատ կոնկրետ պատասխանել, թե ինչպիսին են եղել քո ղեկավարման տարիներին քո ղեկավարած դպրոցները:

Հիմա էլ շարունակում են ստատուսներ գրել: Պարոն Աշոտյան, դուրս եկեք փողոց, քարոզարշավ արեք եւ ձեր աշխատանքի բոլոր գնահատականները հենց այդտեղ կստանաք»,-հայտարարեց ԿԳ նախարարի պաշտոնակատարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աշոտյանն իր Facebook-ի էջում գրել էր. «Արայիկ Հարությունյանը իմ քաղաքական կոռեկտությունը ու հանրային դեմքին վայել պատասխանը շփոթեց թուլության հետ ու իրեն թույլ տվեց տղամարդուն ոչ վայել պահվածք, այս անգամ արդեն Հանրայինի եթերում անդրադառնալ իմ տղաներին և ևս մեկ անգամ իր քաղաքական բանավեճը իրականացնել օգտագոծելով իմ երեխաների անունը»: