Ճիշտ կլիներ, որ գլխավոր դատախազը կամ առնվազն նրա տեղակալը առաջին իսկ օրվանից մասնակցեին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությանը։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27- ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: «Ուղղակի տարօրինակ է, որ ինքը ներկա էր, մենք դեմ չենք, ճիշտ է, որ այսպիսի գործերով բարձր ներկայացուցչություն ապահովի նաեւ մեղադրական կողմից»,- ասաց պաշտպանը:

Դիտարկմանը, թե նախորդ դատական նիստին գլխավոր դատախազի մասնակցությունն արդյոք վկայու՞մ այն մասին, որ մեղադրանքի կողմը շատ ավելի լուրջ է տրամադրված, Օրբելյանը պատասխանեց. «Դեռ առաջին օրվանից ենք մենք ընկալել, որ լուրջ են տրամադրվել: Իրականում ճիշտ կլիներ, որ գլխավոր դատախազը կամ առնվազն տեղակալը ներկայացված լինեին խափանման միջոցի քննության առաջին իսկ օրվանից, տարօրինակ է, որ նոր են սկսել ներկայանալ, որովհետեւ ակնհայտ է, որ գործը բավականին բարդ է»: Նրա  խոսքով՝  ԶԼՄ-ներն էլ են արձանագրել, որ գլխավոր դատախազն անգամ Հոկտեմբերի 27-ի գործով նիստին ներկայացված չի եղել, ինչը  ըտտ եաստաբանի՝ նույնպես որոշակիորեն տարակուսանք է առաջացնում:

Հարցին, թե երեկ դատարանում գլխավոր դատախազը արդյոք նշե՞լ է Քոչարյանին կայանքի տակ պահելու հիմքերից մեկը, Օրբելյանը նշեց. «Երեկ գործի ըստ էության քննարկում դեռեւս տեղի չի ունեցել: Ես հույս ունեմ, որ գլխավոր դատախազը կարծում է, որ կան հիմքեր, որովհետեւ եթե ինքը կարծում է, որ հիմքեր չկան, ուրեմն կալանավորման միջնորդության հետ կապված խնդիր կտեսնենք»,- ասաց նա և հավելեց, որ կարեւորը ոչ թե գլխավոր դատախազի կամ քննիչի կարծիքն է, այլ, թե ինչ կորոշի վերջում դատարանը: Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ում  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում դիրքորոշում էր հայտնել, որ Մարտի 1-ի գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ. «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ դա գիտի միայն դատարանը»,-  ասել է Դավթյանը:

«Գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ». Արթուր Դավթյան