«Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը հերքում է, որ Արամ Հարությունյանի գործը նախընտրական շոու է։
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ օրենքով բնականոն գործընթացի շրջանակներում է Արամ Հարությունյանի գործը, իսկ հետաձգելը արհեստական կլիներ․ «Այսինքն արհեստականորեն ինչ-որ բան արվե՞ր, եթե օրենքը պահանջում է, երբ արդեն ամեն ինչ նախապատրաստված է, դատախազը պատրաստ է ներկայացնել, ինչի՞ համար, նույնիսկ եթե մեկ րոպեի տարբերություն է, օրենքով բնականոն գործընթացը պետք է արվի, անկախ նրանից այս նիստը կկայանար, թե չէր կայանա»։
Ալեն Սիմոնյանը նկատում է՝ վերջիվերջո այն մասին, որ նման իրավիճակ ենք ունենալու պատգամավորի հետ կապված, դեռ ամիսներ առաջ վարչապետը այս ամբիոնից հնչեցրել է։
Դիտարկմանը, թե Արամ Հարությունյանի գործը, Ռոբերտ Քոչարյանի կալանքի քննությունը պատահական չէ, որ տեղի է ունենում քարոզարշավի ընթացում, նա արձագանքեց․ «Բոլոր նշված իրադարձությունները մեր կողմից կառավարվող իրադարձություններ չեն։ Հոկտեմբերի 2-ի դեպքերը, էն հաշվարկով, որ դեկտեմբերի 9-ին են ընկնում ընտրությունները, մեր հաշվարկը չէր, Քոչարյանի գործով երկրորդ ատյանի կողմից որոշում կայացնելն ու հետ ուղարկելը ու նոր նիստ նշանակելը այդ ամեն ինչը հնարավոր չէր ինչ-որ կերպ հաշվարկել։ Ակնհայտ է, որ դա չէ, որ պետք է մեզ օգնի ձայն հավաքել»։
Նա պատասխանեց նաեւ ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովի նկատառմանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանը կորցնում է, այդ պատճառով գործող իշխանությունները շոուներ են իրականացնում․ «Ես Էդուարդ Շարմազանովին ուզում եմ ընդամենը մի բան հորդորել, որ ինքը կոռեկտ մնա, որովհետեւ եթե ինքը շարունակի նույն ոճով, անցնի կոռեկտության սահմանները, համապատասխան պատասխան կստանա անձամբ ինձանից։ Ես կոչ եմ անում նրան ոճը փոխել ՀՀ վարչապետի մասին խոսելիս»։
Լրագրողները նկատեցին՝ ՀՀԿ-ն պնդում է, թե «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը կառուցված է ՀՀԿ-ին քննադատելու վրա, իսկ Նիկոլ Փաշինյանը տնտեսական հարցերով ծրագրեր չի ներկայացնում, որին պատգամավորի թեկնածուն պատասխանեց․ «Ես գիտեմ ՀՀԿ-ականներ, որ նաեւ ասում են, թե դրանով նաեւ մենք օգնում ենք, երբ կողմնորոշվեն թե ինչով է դա պայմանավորված, ես կպատասխանեմ։ Իսկ ընդհանուր առմամբ, նորմալ է, որ 25 տարի իրենք երկիրը ղեկավարել են, իսկ այդօր մենք հավաքվել ենք իրենց պատգամավորի հետ կապված կոռուպցիոն գործով, նորմալ է, որ քննադատությունը հնչում է այդ ուղղությամբ, վստահ եմ, որ ընտրություններից հետո այդ քննադատությունը կքչանա, քանի որ վստահ եմ նաեւ, որ ՀՀԿ-ն այլեւս ներկայացված չի լինելու ԱԺ-ում»,-հավելեց նա։











