Հեռացող խորհրդարանի հետ կապված իրավիճակը միանգամայն սպասելի էր: Այս մասին դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց հեռացող խորհրդարանի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով պատգամավոր Արամ Հարությունյանի հետ կապված իրավիճակը, ում կասկածում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ, եւ քվորումի բացակայությունը:
«Ակնհայտ էր, որ հանրապետական պպատգամավորները չեն ներկայանա, եւ քվորում չի ապահովվի: Կարծում եմ, որ մինչեւ ընտրությունների անցկացումը քվորում չի լինի, իսկ նոր 7-րդ գումրաման խորհրդարանի պատգամավորների երդմնակալությունից հետո բոլոր նրանց նկատմամբ, ովքեր այլեւս պատգամավոր չեն լինի, քանի որ չեն ընտրվել, արդեն ցանկացած դեպքում հնարավոր կլինի համապատասխան գործողություններ կատարել: Կարծում եմ՝ որեւէ խնդիր չկա: Կարելի է եւ սպասել»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորը շեշտեց, որ սա, ամենայն հավանականությամբ, միակ բացահայտումը չի լինի, եւ որ կհետեւեն նոր դեպքեր, որոնք կարող են միեւնույն շղթայի օղակները լինել:
Ընդ որում՝ Էդմոն Մարուքյանը չի կարծում, որ ընտրություններից մի քանի օր առաջ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության ներկայացումը հնարք է, «քանի որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս մասին շատ ավելի վաղ էր հայտարարել»:











