Եթե ընտրություններում երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, նշանակում է քաղաքական համակարգը չի առողջանում, նշանակում է՝ հին Հայաստանը մնում է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Լուսավոր Հայաստանի» կազմակերպած հանրահավաքում, լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
«Եթե այդպես է, ուրեմն մյուս գործարարներն իրենց զգալու են անպաշտպան: Եթե մի գործարար մտել է ԱԺ, որ իրեն պաշտպանի, նշանակում է՝ մյուսներն անպաշտպանե ն:
Երեկվա եթերից հետո այլանդակ հակաքարոզչություն են սկսել մեր դեմ՝ մի թեւը «Սասնա ծռերը», մյուս թեւը՝ ԲՀԿ-ն: Ուզում են մեր ձայնը լռեցնել, իսկ մեր ձայնը հարյուր հազարավոր մարդկանց ձայնն է: Տարիներ շարունակ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական միավորն է, մեկը կարո՞ղ է բացատրել նրանց այդ տեղում լինելու հիմնավորումը: Ի՞նչ է արել, ջո՞ւր է ուղարկել հեղափոխությանը: Մարդիկ Սերժ Սարգսյանին են ընտրել, այսօր հեղափոխությունից են խոսում, ինձ էլ ասում են՝ բայց դու չմասնակցեցիր:
Երեկվա բանավեճը վախվորած էր, որովհետեւ մարդիկ վախենում էիր անուններ տալ: Ասում եին՝ նախկին կոալիցիոն գործընկերները: Մարդիկ դեմներդ կանգնած են, դուխ չունե՞ք ասեք: Մարդիկ փող են դնում, որ ֆեյսբուքում մեր դեմ քարոզչություն անեն»,-հայտարարեց Մարուքյանը:











