Ես կարծում եմ, որ սա լավ ուղերձ է նաեւ մեր քաղաքացիներին, որ դուք անելիք ունեք, դուք պետք է ամեն ինչ անեք, որ «Լուսավոր Հայաստանը» կուսակցությունը լինի երկրորդ քաղաքական ուժը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, իրենց քարոզարշավի ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Գելափ ինթերնեյշնլ» կազմակերպության հրապարակած հարցմանը, ըստ որի, «Լուսավոր Հայաստանը» կուսակցությունը խորհրդարանում լինելու է երրորդը։
«Երեկվա բանավեճից հետո հրապարակվել է «Գելափի» վերջին հաշվետվությունն, ըստ որի՝ խորհրդարան անցնելու է 3 ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Լուսավոր Հայաստանը»։ Մարդիկ արխային են ընկել, որ եթե մերժել են Սերժին, ուրեմն ամեն ինչ ավարտվել է, ո՛չ , դուք մերժել եք Սերժին, բայց պետք է մերժեք նաեւ Սերժի ընկերներին, գնացեք եւ քվեարկեք «Լուսավոր Հայաստանի» օգտին»,–եզրափակեց Մարուքյանը։











