Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրկին չի հաջողվել քվորում ապահովել եւ նիստ գումարել:
Նշենք, որ քվորում չի ապահովվում երեքշաբթի օրվանից՝ արդեն 4-րդ օրը:
Քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:











