Երևանում ոստիկանները գողությունը բացահայտել են դեպքից մեկ ժամ անց։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Դեկտեմբերի 11-ին՝ լույսը չբացված, ոստիկանության Էրեբունու բաժին գողության վերաբերյալ ահազանգ է հնչել. հափշտակվել են Խաղաղ Դոենի փողոցի թիվ 1 շենքի մոտ տեղադրված սրճեփ սարքի մետաղադրամները։
Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը տարածքում ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ բացահայտել է հանցագործությունը։
Նույն օրը՝ ժամը 6-ն անց 20-ի սահմաններում, Էրեբունու ոստիկանները գողության կասկածանքով բաժին բերման են ենթարկել Հուսիկ Բաքոյանին, որը բացատրությամբ հայտնել է, որ գողությունը կատարել է ինքը։
Հենց Էրեբունիում ապրող, 19-ամյա Բաքոյանի խոսքով՝ ինքը երկրորդ անգամ է ոստիկանությունում։ Առաջին անգամն էլ գողության համար էր։ Նրա մոտ հայտնաբերվել են մետաղադրամներ, որոնք, նախնական վարկածով՝ հափշտակված էին։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։











