Երևանի քաղաքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության «ՆերՈւժ» ծրագրի մեկնարկը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Բաղջյանը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:
«Ես չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ այս ծրագրի մեկնարկը առանցքային նշանակություն է ունենալու Հայաստանի եւ Սփյուռքի գործակցության համատեքստում։ Մինչեւ թավշյա հեղափոխությունը մենք ասում էինք, որ եթե դուք ունեք գումար եւ պատրաստ եք այն ծախսել Հայաստանում, ապա դուք կարեւոր եք։ Սա միակենտրոն քաղաքականություն էր, որը տանում էր ՀՀ–ը Սփյուռքի հետ, սակայն մենք այսօր ասում ենք հետեւյալը՝ անկախ այն բանից 10 դոլարով, թե 10 հազար դոլարով եք ժամանաել «Զվարթնոց» օդանավակայան, եթե ունեք գաղափար, որն ուզում եք իրականացնել Հայաստանում, ապա դուք մեզ համարա կարեւոր եք»,– ծրագրի մեկնարկին հայտարարեց Մխիթար Հայրապետյանը։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ կառավարության կարեւորագույն նպատակներից մեկը տնտեսական հեղափոխությունն է․ «Այդ մեծ նպատակին հասնելու համար պետք է փնտրենք ոչ ստանդարտ մոտեցումներ, ստեղծագործ լուծումներ եւ ներգրավենք ոչ միայն Հայստանի բնակիչների տաղանդն ու եռանդը, այլեւ սփյուռքի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս ծրագիրը համայն հայության փորձը, գիտելիքները եւ կարողությունները համախմբելու գործում կարեւոր հանգրվաններից մեկն է
Նշենք, որ «ՆերՈւժ» ինտերակտիվ սթարթափ ծրագիրը նախատեսված է սփյուռքի 18-ից 35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար: Այն հնարավորություն է ընձեռում բիզնես ոլորտի գիտելիքների հարստացման, գործընկերային կապերի ընդլայնման, ինչպես նաև մեկնարկային ծրագրեր ներկայացնելու, ֆինանսավորում ստանալու և դրանք իրագործելու համար:
Ծրագրին մասնակցում են մոտ 70 սթարթափերներ, որոնցից 50-ը՝ սփյուռքից: Այն կանցկացվի Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2018 թվականի դեկտեմբերի 17-ից 21-ը:











