«Ե՛ւ օրենսդիրում, ե՛ւ գործադիրում տեսնում եմ իմ հետագա գործունեությունը»,- այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ ընդամենը օրեր անց պարզ կլինի, թե իշխանության որ թեւում կաշխատի․ «Քաղաքական թիմն է որոշում կայացնելու վարչապետի գլխավորությամբ․ ի վերջո վարչապետն է նշանակում նախարարներին եւ գործադիրի մյուս ներկայացուցիչներին, բնականաբար սպասում ենք որոշման»։
Այս օրերին իրար թիրախավորած «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը», Մխիթար Հայրապետյանը հույս ունի, արդյունավետ կգործեն ընդդիմադիր դաշտում եւ իրենց հակասությունները չեն բերի խորհրդարան․ «Ես իսկապես մեծ հույսեր եմ կապում 7-րդ գումարման Ազգային Ժողովի հետ եւ հույս ունեմ, որ մեր գործընկերները, որոնք եւս ստացել են հանրության վստահության քվեն, թեկուզեւ ընդդիմադիր դաշտում, իսկապես շատ արդյունավետ գործունեություն են ծավալելու։ Այս վերջին գործընթացները հույս ունեմ, որ ԱԺ-ի ներսում չեն արտացոլվի, եւ ընդդիմությունը, կարծում եմ, կկատարի փոխզսպողի իր ֆունկցիան հնարավորինս արդյունավետ»։
Անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե արդեն կուրսով են պատգամավոր դառնում, Մխիթար Հայրապետյանը ընդգծեց՝ ինքը եւ երկու համակուրսեցիները պատգամավոր են ընտրվել ռեյտինգային ընտրակարգով, այսինքն՝ քաղաքացիների ուղիղ քվեի շնորհիվ․ «Երեք հոգի համակուրսեցիներ ենք․ Կոտայքի մարզից Վաղարշակ Հակոբյանը՝ ընտրված ռեյտինգային ընտրակարգով, այսինքն՝ ոչ թե համամասնական ցուցակի բարձր տեղի հաշվին, ընդհակառակը, եթե չեմ սխալվում, ցուցակում 170-րդից էլ ցածր տեղում էր, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ եւս ընտրված ռեյտինգային ընտրակարգով, եւ ես՝ կրկին ռեյտինգային ընտրակարգով, այսինքն՝ բացառապես քաղքացիների տված ուղիղ քվեների, վստահության շնորհիվ»։
Հայրապետյանը նաեւ պարզաբանեց, թե ինչպես են նախկին կուրսեցիները քաղաքական գործընկեր դարձել․ «Դա նոր բան չէ․ տարիներ շարունակ մենք միասին քաղաքական գործունեություն ենք ծավալում ՔՊ-ի ներսում։ Ինքս եւ Տրդատ Սարգսյանը հանդիսանում ենք կուսակցության հիմնադիր անդամներից, կարելի է ասել՝ հնաբնակներից ենք։ Եւ այս համատեքստում առհասարակ կուզեի ընդգծել այն փաստը, որ արեւելագետները եւ հատկապես ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը քաղաքացիական դաշտում, այժմ էլ քաղաքական գործընթացներում շատ մեծ դերակատարում ունեն»։











