Վերջին շրջանի աղմկոտ իրադարձությունները մի քանի օրվա լռությունից հետո մեկնաբանեց կառավարության ղեկավարը։ Նա նշեց՝ Արցախի հարցում որեւէ նոր բան չկա։ Մամեդյարովի հայտարարությունը , թե երկար դադարից հետո առաջին անգամ հայ գործընկերոջ հասել են փոխըմբռնման, եւս նոր բան չէ․ Փաշինյանն ասաց՝ այդպիսի հայտարարություններ վերջին 24 տարում բազմաթիվ են եղել։
Մի քանի օր առաջ էլ Ալիևը հայտարարել էր նախիջեւանյան հաջող օպեացիայի եւ 11 հազար հեկտար առաջանալու մասին։ Դիրքային փոփոխությունների 95 տոկոսը, Փաշինյանն ասաց, եղել է փետրվար-մայիս ամիսներին՝ նախքան իր վարչապետությունը։
Փակ զրույցներ հրապարակած Լուկաշենկոյին վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց՝ մեջբերելով իր խոսնակի բառերը։ Լուկաշենկոն հայտարարում է՝ ես այսպես ասացի, բայց չի ասում, թե ինքը ինչ ասաց: Իսկ Փաշինյանը բավարարված է եղել այդ խոսակցությունից, եւ չի պապանձվել Պուտինի առաջ, ինչպես Լուկաշենկոն էր վկայում։
Ներքին աղմուկների մասին։ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը վարչապետի խորհրդական է նշանակվել։ Ապրիլյան պատերազմից հետո խոսվում էր հետախուզության լուրջ թերացումների մասին․ այս ֆոնին Կարապետյանը հեռացվեց պաշտոնից, եւ նրա վերադարձը կադրային քաղաքականության հարցականներից է։ Ինչու հենց նա․ Փաշինյանը պարզաբանեց։
Այս թեման սրվեց հատկապես ՔՊ-ականների մի զրույցի հրապարակումից հետո։ Հեռացված գեներալը որոշ ժամանակ անց նշանակվել էր Ռուաստանում մեր դեսպանատան ռազմական կցորդ։ Տեսանյութում ՔՊ-ականները՝ դեռ ընդդիմադիր, խարույկի շուրջ քննադատում էին իշխանությունների այդ որոշումը։
Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնանկությունը մամուլը գրում էր, որ Փաշինյանի պահանջով է եղել․ այս լուրը նա չհերքեց՝ թողեց առանց մեկնաբանության, հերքեց, որ այդ փոփոխությունը կարող է ազդել բանակի մարտունակության վրա։
Գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողի գործը հիշեցնում է Պերմյակովի դեպքը․ նա եւս պահվում է ռուսական ռազմաբազայում։ Սակայն այս երկուսի միջեւ, Փաշինյանն ասաց, շատ կարեւոր տարբերություն կա։ Պերմյակովին բռնել էին ռազմաբազայի տարածքից դուրս, իսկ այս զինծառայողը գտնվում է այնտեղ, որտեղ ձերբակալվել է։ Եվ առահասրակ պահման վայրը, ըստ Փաշինյանի, կարեւոր չէ։
Այսօր, դատարանը քննել է 10000 դրամի գողության.համար ազատազրկման դատապարտված բազմազավակ մայր Հասմիկ Սարգսյանի բողոքը։ Նա պնդեց, որ ցուցմունքներ է տվել սպառնալիքների ազդեցությամբ, ասաց՝ քննիչը քանոնը պահել է կոկորդին ու վախեցրել իրեն։ Այս 4 կամ 10 հազարով որոշվում է քրեական պատասխանատվության հարցը․ նրան վերագրվող հոդվածով ազատազրկում է նախատեսված, եթե գողոնի արժեքը 5000 դրամ և ավելի է:
Դոլարի փոխարժեքը գրեթե նույնն է՝ 484 դրամ, փոքր-ինչ թանկացել են եվրոն եւ բրիտանական ֆունտը․ եվրոն 551 դրամ է, ֆունտը՝ 612, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 21 դրամ։
Հայաստանում դեկտեմբերի 20-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, գիշերը՝ առանց տեղումների եղանակ։ Երեւանում սպասվում է թաց ձյուն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, իսկ վաղը ցերեկը՝ +5+7 տաքություն։











