ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը համաձայն չէ այն դիտարկմանը, թե ԱԺ-ում իրական ընդդիմություն ձեւավորվելու է «Իմ քայլը» դաշինքի ներսում:
«Ես համաձայն չեմ դիտարկման հետ, թե ընդդիմություն չկա, և համաձայն չեմ, որ ընդդիմություն կա, բայց փաստացի կաշկանդված է լինելու զանազան հարցերով քննադատել կառավարությանը: Եվ համաձայն չեմ դիտարկման հետ, թե ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից: Եթե այդ մտքի տակ նկատի է առնվում, որ «Իմ քայլը» դաշինքում բոլոր հարցերն այդպես ուղղահայաց կերպով չեն հրահանգվելու, դիրքորոշումը չի հրահանգվելու, այլ լինելու են ներքին մեծ քննարկումներ, ապա վստահաբար, այո, լինելու են, և որոշումները կայացվելու են քննարկումների արդյունքում»,- նշեց նա:
Անդրադառնալով ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությանը՝ Միրզոյանը նշեց, որ իր ցանկությունն է լինել օրենսդիրում։ Հարցին՝ արդյոք հեշտ է համաձայնել այս պաշտոնին, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Գիտակցումը կա, որ շատ ծանր աշխատանք է սպասվում, բայց առաջին փոխվարչապետի աշխատանքն էլ ամենաթեթևներից չէր»։











