ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դեռեւս չգիտի՝ կմնա կառավարությունում, թե կվերցնի պատգամավորական մանդատը։

«Այսօր քննարկում էինք «Իմ քայլը» խմբակցությանը վերաբերող հարցեր, գործադիրին վերաբերող հարցեր չի քննարկվել։ Իմ ցանկություններով կցանկանամ չկիսվել դեռեւս»,– այսօր՝ դեկտեմբերի 19–ին, «Իմ քայլը» դաշինքի առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանը։

NEWS.am–ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի նախօրեին տարածված տեսանյութը, որտեղ ինքն Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ խոսում է Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի մասին, որը նշանակվել է վարչապետի խորհրդական, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Տարբեր ժամանակահատվածներում տարբեր տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող են արվել տարբեր մեկնաբանություններ, եւ հետեւապես այն ժամանակվա մեկնաբանություններն ու այն ժամանակվա մեր տիրապետած ինֆորմացիան փաստացի այն ինֆորմացիան էր, ինչ շրջանառվում էր մամուլում։ Անկեղծ ասած, ես հետագա մանրամասներից տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ՝ վարչապետը հետագա որոշակի տվյալներ ունի այդ դեպքերի հետ կապված եւ կայացրել է իր որոշումը»։

Հարցին՝ անձամբ ինքն ինչ կարծիք ունի Արշակ Կարապետյանի մասին, Տիգրան Ավինյանը նշեց. «Ես Արշակ Կարապետյանի մասին կարծիք չեմ ունեցել, որպեսզի փոխեմ այն»։