Ես չեմ ասել՝ տարօրինակ, ասել եմ՝ հետաքրքիր։ Այսօր՝ դեկտեմբերի 20–ին, աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ հարցին այսպես արձագանքեց Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։
Համացանցում օրերս տեսանյութ էր հրապարակվել, որտեղ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի հետ խոսում է Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի մասին, որը նշանակվել է վարչապետի խորհրդական։
«Երեկ վարչապետն անդրադարձել է այդ հարցին, տեսանյութն ամբողջությամբ նայեք, ես տարօրինակ դա չեմ համարել, ես տարօրինակ եմ համարել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ որեւէ մեկը չի պատժվել, ես դա ներկայացրել եմ որպես հետաքրքիր տեղեկություն»,– ասաց Արայիկ Հարությունյանը։
Նշենք, որ քայլերթի օրերին Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Ավինյանի ներկայությամբ բառացի ասում է.
«Մի հետաքրքիր տեղեկություն կա, որ հետախուզության վարչության պետը, էս պահին ազգանունը չեմ հիշի, վերջերս հրապարակում եղավ, որ նա նորից անցել է պաշտոնի և Մոսկվայում մեր դեսպանատանը, որպես ռազմական կցորդ է աշխատում, ինչը... էդպես շատ տարօրինակ է, որովհետև... Գործընկերներս կհիշեցնեն, որ չեմ հիշում որևէ մի պաշտոնյա էդ ձախողման համար դատապարտված լինի»։











