Երեւանի ավագանին դեկտեմբերի 21-ին արտահերթ նիստ է գումարել:

Ավագանու նիստի օրակարգում 11 հարց է ներառված:

Նախագծերից մեկով նախատեսվում որպես նվիրատվություն ընդունել 85 մլն 32 հազար ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով նոր տոնածառը համապատասխան լույսերով եւ խաղալիքներով:

Ավագանին քննարկելու է նաեւ «Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը գույք նվիրաբերելու մասին հարցը:

Երեւան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի N622-ն որոշման մեջ փոփոխություն կկատարվի, որով ուժը կորցրած կճանաչվի Երեւան քաղաքի ավագանու «Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին լիազորություններ վերապահելու մասին» որոշումը:

«Հաշվի առնելով, որ աղբահանության վճար վճարողների շրջանակը գրեթե նույն է, ինչ գույքահարկի, հողի հարկի եւ հողի վարձավճարներ վճարողների շրջանակը, նպատակահարմար է աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաեւ այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու եւ օրենքով նախատեսված Երեւանի քաղաքապետի այլ լիազորությունները պատվիրակել միայն Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին, որոնք կիրականացնեն նշված լիազորություններն իրենց աշխատակազմերիմիջոցով եւ որի արդյունքում կխնայվեն նաեւ որպես ծառայության գին եւ նվիրատվություն վճարվող գումարները»,- ասվում է նախագծում: