Իմ ունեցած տվյալներով 0038 հրամանի հետ կապված Արմեն Գեւորգյանն ընդհանրապես կապ չի ունեցել՝ ուղղակի կամ անուղղակի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի օրերին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի մեղադրանքին։
«Իմ ունեցած տվյալներով 0038 հրամանի հետ կապված Արմեն Գեւորգյանն ընդհանրապես կապ չի ունեցել՝ ուղղակի կամ անուղղակի։ Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ես նույնպես չգիտեմ, որ նա որեւէ առնչություն ունենա, այդ մասին ավելի հստակ նրա պաշտպանը ձեզ կասի»,-ասաց Ալումյանը։
Պաշտպանի խոսքով՝ Քոչարյանը չի ասել, որ ինքը Արմեն Գեւորգյանին հրահանգ է տվել Մարտի 1-ի հետ կապված․ «Պարոն Քոչարյանը չի ասել, որ ինքը հրահանգ է տվել Արմեն Գեւորգյանին Մարտի 1-ի հետ կապված։ Ճիշտն ասած ես էլ հատուկ այդ հարցը չեմ տվել, որովհետեւ մտքովս չի անցել, դրա համար չգիտեմ չեմ ուզում Արմեն Գեւորգյանի մեղադրանքին անդրադառնալ, որովհետեւ չեմ սիրում ասել միբան, որին 100 տոկոսով տեղյակ չեմ»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ, իսկ առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը: Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կայցրել էր դեկտեմբերի 7-ին, նույն օրը Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել:











