Կառավարությունը ճնշումներ չի գործադրում դատական համակարգի վրա, բայց ես համոզված չեմ, որ հին մեխանիզմներ չեն գործում, հին կապեր  եւայլն, որովհետեւ բոլորս գիտենք դատական համակարգի ծագումնաբանությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ես նաեւ չեմ ուզում որեւէ դատավորի անմեղության կանխավարկածը խախտեմ: Եթե մենք ուզում ենք դատական համակարգն անկախ լինի, նաեւ պետք է ընդունենք, որ միշտ չէ, որ մեղադրող կողմից եւ դատարանի կարծիքները կհամընկնեն: Այն որոշումները, որոնք կայացվել են հիմնավորված, դրանք պետք է ընդունել ի գիտությունը եւ գնալ առաջ: Բայց եթե դուք հարց եք տալիս գլոբալ առումով, ես ոչ թե ուզում եմ որեւէ դատավորի անմեղության կանխավարկածը խախտեմ, այլ գլոբալ առումով, այո, բոլորս ունենք մտավախություններ: Մեր քաղաքացիները պետք է համոզված լինեն հետեւյալում, որ երբ ասում ենք, որ դատական ակտերին չենք միջամտության, ձեւ չենք անում: Իրոք, ամեն ինչ այդպես էլ կա: Գաղտնալսումները նույնպես դա են ապացուցում: Որովհետեւ, եթե գաղտնալսումների ամբողջական պատկերը լինի... վերջին գաղտնալսման մեջ ԱԱԾ տնօրենը զանգում ասում է՝ դատավորը վախենում է: Ո՞ն թե վախենում է, ումից է վախենում: Եթե մենք չենք վախեցրել, ուրեմն ուրիշ վախեցնող կա»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, եթե պարզվի, որ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելը ապօրինի ազդեցության արդյունք է, ինքը շատ կտխրի. «Բայց եթե պարզվի, որ սա դատարանի անկախության արդյունք է, ես շատ կուրախանամ: Իրավասություն ունեցող մարմինները պիտի ուսումնասիրեն ըստ անհրաժեշտության: Այնպես չէ, որ ամեն ինչը պետք է ստուգել:

Մանվել Գրիգորյանի ազատ արձակումն ինձ էլ հաճելի չէ, բայց եթե դատարանը կայացրել է հիմնավորված որոշում, այդ որոշումը պետք է կատարվի»,-ընդգծեց նա: