Ժողովուրդը Մանվել Գրիգորյանին ուզում է դուրս շպրտել Էջմիածնից, չի ցանկանում տեսնել նրան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիներին միացած նախկին պատգամավոր հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը»։

«Ժողովուրդը չի ցանկանում էդ մարսու հետ ապրել, որովհետեւ նա այնպիսի գործողություններ է իրականացրել, որ մարդիկ չեն կարողանում մոռանալ։ Այստեղ հավաքված ամեն մարդ էլ տուժել է Մանվելի գործողություններից, քաղաքի կեսը խլել է, մարդկանց տները ձեռքներից առել է, հողերը վերցրել է։ Հանրությունը նրան մերժում է եւ ցանկանում է դուրս շպրտել քաղաքից։ Ես միշտ ասել եմ, որ Մանվելը սատկած դեւ է, լեշ է եւ ժողովրդի պահանջն է, որ էդ սատկած լեշը Էջմիածնից դուրս շպրտվի»,-ասաց Հակոբ Հակոբյանը՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանն իրավունք չունի այլեւս Էջմիածնում բնակվի։

Հակոբ Հակոբյանն ասաց, որ դատարանի որոշումը չի արտահայտում ժողովրդի կարծիքը․ «Մինչեւ դատարանը որոշում կայացնի եւ բեկանի առաջին ատյանի որոշումը միեւնույն է, մարդիկ չեն ցանկանում  որ նա մի քանի ժամ էլ գտնվի ազատության մեջ։ Նախկինում մարդիկ վախենում էին, չէին արտահայտվում, իսկ հեղափոխությունից հետո մարդիկ չեն վախենում, յուրաքանչյուրը ցանկանում է իր քաղաքը տեսնի այնպես, ինչպես ինքն է ցանկանում»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: