2018 թվականը մոտենում է ավարտին։ Հայաստանում այն մեծ փոփոխությունների ալիք բարձրացրեց․տարի էր, որը քաղաքական դաշտում շրջեց խաղացողների դիրքերը, խառնեց խաղաքարտերը։ NEWS.am-ը 2018-ն ամփոփել է հանրային-քաղաքական գործիչների հետ։ Նրանք խոսել են իրենց ձեռքբերումների ու թերացումների մասին, ընտրել իրենց «քաղաքական Ձյունանուշին կամ Ձմեռ պապին», պատմել ամենասուր անեկդոտները, անկեղծացել, թե քանի բաժակ ոգելից խմիչքից հետո են հայտնվում «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի հերոսի դերում։ Այս մասին եւ ոչ միայն, զրուցել ենք  7-րդ գումարման ԱԺ-ի ընտրված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

Որտե՞ղ եք անցկացնելու ամանորյա արձակուրդները։

Եթե բախտս բերի եւ որեւէ ֆորս մաժոր չլինի, ինչպես շատ հաճախ պատահում է ինձ հետ, ապա կաշխատեմ լինել որեւէ տաք երկրում, ծովափին, որովհետեւ ինձ համար հանգստի միակ եւ լավագույն միջոցը ծովն է եւ անպայմանորեն տաք։

Որքա՞ն գումար եք մտադիր ծախսել տոների ընթացքում։

Սովորաբար, մոտավորապես, 1500-2000 դոլարի սահմաններում։

Անցնող 2018 թվականին ձեր անձնական գլխավոր ձեռքբերումը։

Անձնական գլխավոր ձեռքբերումը, որ 2018 թվականին, չնայած շատ ծանրաբեռնված գրաֆիկին, այն էր, որ կարողացա ժամանակ գտնել ընտանիքիս հետ ճամփորդելու համար։

2018 թվականին ձեր անձնական ամենամեծ թերացումը։

Ամենամեծ թերացումը, որ հերթական անգամ չեմ հասցնում տեսնել, թե ինչպես են մեծանում իմ երեխաները կամ ամեն անգամ ինչ-որ կարեւոր պահ իրենց կյանքում ես բաց եմ թողում։

Եթե հավատայիք Ձմեռ պապին, ի՞նչ նվեր կուզեիք նրանից։

Ես Ձմեռ պապի տարիքից դուրս եմ եկել, գուցե պաթետիկ հնչի, բայց ես ինքս պաթետիկ չեմ եւ կուզենայի մեկ բան՝ խաղաղություն, եւ մեր սահմաններում կանգնած զինվորներին անվտանգություն։

Եթե հայ քաղաքական դաշտի տղամարդկանցից Ձմեռ պապ ընտրեիք, ո՞ւմ վրա կանգ կառնեիք։

Շատ երեխաների համար Ձմեռ պապը Գագիկ Ծառուկյանն է՝ որպես բարի, որպես մարդ, որը հասնում է յուրաքանչյուր երեխային, բայց ինձ համար Ձմեռ պապը բոլոր այն բարի մարդիկ են, որոնք բարություն են անում միշտ, անկախ նրանից դեկտեմբերի 31-ն է, թե այլ օր։

Որն է 2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած գիրքը եւ ինչու։

Ես ընդհանարապես գրքամոլ եմ, դա գիտեն բոլորը։ ես շատ տպավորվեցի Դոքինզի «Իրականության մոգություն» աշխատությամբ։ Այն գիտական աշխատություն է, բայց bestseller-ի ոճով է գրված եւ մի շնչով կարդացվում է։ Ես պարբերաբար նաեւ Սթիվեն Հոքինգի գրքերն եմ ուսումնասիրում, իր տեսությունը, ինձ հատկապես հետաքրքրում է «Սեւ խոռոչների» մասով։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած ֆիլմը։ Ինչո՞ւ։

Ֆիլմը զարմանալիորեն հին էր՝ 2013 թվականի. Ջիմ Ջարմուշի «Ողջ կմնան միայն սիրահարները», բայց ժամանակի առումով չէի հասցրել նայել, նոր նայեցի, իսկապես ցնցող ֆիլմ է, մեծ սիրո եւ էներգետիկ կապվածության մասին։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած երգը։ Ինչո՞ւ։

Երգ կդժվարանամ ասել, ես պարբերաբար լսում եմ Beatles, ամեն օր կարող եմ լսել Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Պիացոլայի տանգոն՝ ֆանտաստիկ է այդ էներգիան, որ կա այդ երաժշտության մեջ։

Ինչո՞վ եք զարմացնելու Ձեզ եւ մեզ 2019 թվականին։

Սանրվածքի նոր փոփոխություն չեմ պատրաստվում անել: Ինչպես հասկացա՝ այս վերջին փոփոխությունը բավականին պոզիտիվ արձագանք ստացավ, արտաքինիս մեջ պատրաստվում եմ փոխել մազերի գույնը՝ մուգ շոկոլադ, չգիտեմ ինչպես կստացվի, բայց կփորձեմ զարմացնել, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի: Իսկ քաղաքականության մեջ ես կարծում եմ՝ միշտ եղել եմ անկեղծ եւ հերթական անգամ կփորձեմ ոչ թե զարմացնել, այլ իմ անկեղծությամբ հաստատել այն անկեղծ օրակարգը, որ ունեցել եմ միշտ։

Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ ամենաքիչը։

Ես սիրում եմ նվերներ տալ, գերագույն հաճույք եմ ստանում դրանից: Ես Նոր տարուց 1-2 ամիս առաջ մտածում եմ, թե ում ինչ պետք է նվիրեմ։ Ընդհանրապես նվերների հարցում շատ բծախնդիր եմ, միշտ ընտրում եմ այնպիսի նվերներ, ինչը գիտեմ, որ մարդուն պետք է, թե չէ այնպես հերթապահ, մեկի տանը մնացած նվերներ կան, նվիրում են։ Ես միշտ նվիրում եմ այն, ինչից գիտեմ, որ այդ մարդը հաճույք է ստանալու։

Ամանորի գիշերը որերո՞րդ զանգով կամ հաղորդագրությամբ եք շնորհավորում կուսակցության ղեկավարին։

Առաջինը շնորհավորում եմ աղջկաս, երկրորդ զանգը՝ անպայմանորեն Գագիկ Ծառուկյանին։

Եթե Ձմեռ պապը մեկ օրով Հայաստանում լիներ, առաջին հերթին ո՞ւր կտանեիք եւ ի՞նչ ցույց կտայիք մեր երկրում։

Հաստատ չէի տանի Գառնի–Գեղարդ, Սեւան, կտանեի այն ֆանտաստիկ փոքր եկեղեցիները, կտանեի Խնձորեսկի քարանձավները, որը ես համարում եմ աշխարհի պատմամշակութային բացառիկ կոթողներից մեկը։

Մեկը հին իրերն է նետում, մյուսը՝ լույսերը միացնում կամ դռները բաց թողնում. ժողովրդական հավատալիքներից Դուք որի՞ն եք հետեւում։

Ես հին իրեր նետում եմ միշտ, ամեն օր, իմ մոտ դա մանյակային հակում է: Ես չեմ պահում հին իրեր, հին հագուստ, հին սպասք, որովհետեւ չեմ սիրում ծանրաբեռնված տուն, պետք է ամեն ինչ լինի շատ թեթեւ։ Այդպես, հատուկ հավատալիք չկա: Իհարկե, բոլորիս ենթագիտակցության մեջ կա, որ պետք է ցանկություն պահել, միեւնույն է՝ հավատում ես, չես հավատում, ենթագիտակցությունդ քեզ հուշում է, որ 12-ից մեկ րոպե առաջ պետք է անպայման ցանկություն պահես, ես անպայմանորեն այդ ցանկությունը պահում եմ։ Օրինակ, քույրս մի տարօրինակ ավանդույթ ունի՝ ցանկությունը թղթի վրա գրում է եւ գինով խմում, բայց ես մազոխիզմի այդ աստիճանի չեմ հասել։

Ե՞րբ է ձեր տանը վերջանում խոզի բուդը։

Քանի որ ես առողջ սննդակարգի կողմնակից եմ, խոզի բուդը իմ դասակարգային թշնամին է, ես ամեն ինչ անում եմ, որ մեր տանը խոզի բուդ չլինի։

Ձեր ամենասիրած խմիչքը։

Ես ֆրանսիական Gewürztraminer ապրանքանիշի գինին եմ սիրում, որը սպիտակ գինի է եւ ֆանտաստիկ բույրերի անցումներ ունի։ Բոլորին խորհուրդ եմ տալիս ամանորյա սեղանին ունենալ Gewürztraminer գինին։

Ո՞րերորդ բաժակից կարող եք հայտնվել «Բաղնիքդ անուշի» հերոսի դերում։

Խմել չեմ սիրում եւ կարծում եմ` երբեւէ չեմ արժանանա այդ ճակատագրին։

2018թ. ձեր լսած ամենասուր անեկդոտը։

Իմ մորաքրոջ աղջիկը Հայաստանի ամենահայտնի ակնաբույժներից է, նա քայլող անեկդոտ է, երեկ մեկը լսեցի, որը չգիտեմ սուր էր, թե ոչ, բայց հետաքրքրիր էր։ Այն ավելի շատ ռուսական միջավայրին է հատուկ, որտեղ ալկոհոլիզմը բարձր մակարդակի վրա է։ Ալկոհոլիկներից մեկը, որին բժիշկը խորհուրդ է տվել անպայմանորեն զբաղվել սպորտով, գնում է գինու խանութ եւ ասում՝ խնդրում եմ ինձ տվեք դահուկ, ասում են՝ չկա, ասում է՝ լավ, էդ դեպքում ինձ տվեք չմուշկ, ասում են՝ չկա, շուռ է գալիս, զանգում է բժշկին, ասում է՝ Աստված վկա, ես անկեղծորեն ուզում էի զբաղվել սպորտով, բայց ինչպես տեսնում եք՝ չստացվեց, էդ դեպքում տվեք ինձ մեկ շիշ օղի։