Բեռլինում Փաշինյանի այցի գլխավոր հանդիպումը կայացավ ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր նստավայրում զինվորական պատիվներով ընդունեց Հայաստանի վարչապետին: Մերկելի հետ քննարկումների արդյունքներից Փաշինյանը բավարարված էր՝ համատեղ ասուլիսում հայատարարեց նա՝ նշելով, որ Գերմանիան կարեւոր գործընկեր է եւ կարող է աջակցել մեր բարեփոխումների օրակարգին։ Ուշագրավը սակայն Արցախի թեմայով հնչած մտքերն էին, Անգելա Մերկելը գովեց Փաշինյանին, թե խիզախ քայլ է արել․ ավելին չհասցրեց ասել, Փաշինյանը շտապեց ինքը պարզաբանել այդ խիզախությունը:
Ուշագրավ էր նաեւ, որ Փաշինյանը արտաքին լսարանի առաջ հակամարտությունը ներկայացրեց երեք կողմով՝ ներառյալ Արցախը։
Հիմնականում երկկողմ հարցերի օրակարգով Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ Գերմանիայի նախագահի եւ Բունդեսթագի ղեկավարի հետ։
Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում շուրջ երկու ժամ ելույթ է ունեցել, խոսել է Մարտի մեկից առաջ բանակում ստեղծված իրավիճակի, ԵԿՄ-ում սկսված խմորումների եւ հայտնի «0038» հրամանի մասին։ Քոչարյանի ելույթից մանրամասներ փոխանցեց նրա փաստաբանը։ Բանակի հրամանատարական կազմի հետ խարհրադակցությանը երկրորդ նախագահը ցուցում է տվել պաշտպանության նախարարին, որպեսզի նա ապահովի բանակի չեզոքությունը։
Քոչարյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ «0038» հրամանը նախապես չի ուղարկվել նախագահական՝ հավանության համար։ Ընդ որում, ըստ Ալումյանի՝ այդ հրամանի մեջ չկա ոչ մի վատ բան, որևէ դրույթ, որի համար կարելի է պաշտպանության նախկին նախարարին՝ Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրել կամ նույնիսկ նախատել։
Երևանի քաղաքապետարանը որոշ ժամանակ չէր հրապարակում աղմուկ հանած պարգեւավճարումների ցուցակը՝ հղում անելով անձնական տվյալների գաղտնիությանը, շաբաթ երեկոյան քաղաքապետ Մարությանը հայտնեց, որ որոշել են ցուցակը հրապարակել, այսօր վերջապես քաղաքապետարանի կայքում հայտնվեց 432 աշխատակիցների ամբողջական ցանկը։ Մի քանի մեծ թիվ այդ ցուցակից՝ երկու ամսվա փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ստացել է 13-րդ աշխատավարձ՝ 443 հազար դրամ, գումարած պարգեւավճար՝ մոտ 860 հազար դրամ։ Ցուցակի դրամային ամենաթանկ նվերները բաժին են հասել վարչության երեք պետերի, նրանցից յուրաքանչյուրը միայն պարգեւավճար ստացել է ավելի քան 2 միլիոն դրամ։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն», որպեսզի, ինչպես հետո լրագրողներին ասաց, իր աչքերով տեսնի, թե այնտեղ իրականում ինչ է արվում: Ի դեպ՝ Վանեցյանը նոր համզգեստով էր, լրագրողներին ասաց, որ ԱԱԾ աշխատակցի համազգեստը 50 տարի է՝ չի փոխվել։ Հիմա հագել է փորձնական տարբերակը, տաբատը նույնն է, բաճկոնն է ավելացել։
Շաբաթ Հայաստանի մարզերի մեծ մասում տեղումներ են սպասվում, լեռներում եւ նախալեռներում՝ ձյուն, հովիտներում՝ անձրեւ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում սպասվում է ձյուն եւ թաց ձյուն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +3+5:
Դոլարի փոխարժեքը կայուն է, այսօր կազմել է 487 դրամ, փոքր-ինչ նվազել է եվրոյի փոխարժեքը՝ կազմելով 558 դրամ, բրիտանական ֆունտը 635 դրամ է, ռուսական ռուբլին՝ 7 ու 43 դրամ:











