Կառավարության ծրագիրը կոնկրետ չէ, չի պատասխանում ինչպես հարցին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«7 տարվա մեջ, որ ես խորհրդարանում եմ, սա առաջին դեպքն է, որ կառավարությունը ծրագիր է բերում առանց խորհրդարանական ուժերի հետ նախնական քննարկումների: Սա արհամարհական վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Ես հիշեցի, որ մեկ տարի առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը ծրագիր էր բերելու, ինձ էր զանգել Վաչե Գաբրիելյանը եւ ասում էր՝ «Ելք» եւ ԲՀԿ խմբակցությունների հետ միասին հանդիպեմ, ներկայացնեմ ծրագիրը: Մենք մերժեցինք, որովհետեւ ասացինք, որ ծրագիրը նախ պետք է վարչապետը ներկայանցի, երկրորդ, անընդունելի է այլ խմբակցության հետ ծրագիր ներկայացնել: Հովիկ Աբրահամյանի ժամանակ էլ ծրագիրը քննարկվել է մինչեւ ԱԺ գալը: Իսկ հիմա ծրագիրն անհնար է փոխել, անփոփոխելի է: Խորհրդարանն արհամարհվել է»,-ասաց Մարուքյանը:
Նա անդրադարձավ նաեւ փաստին, որ խորհրդարանը քննարկում է մի ծրագիր, որի իրականացնողները հայտնի չեն, այսինքն կառավարությունը չունի կառուցվածք:
«Չկա կառավարության կառուցվածքի մասին օրենքը, որը ցույց կտա, թե ովքեր, ինչ կառուցվածքով են այս ծրագիրն իրականացնելու:
Այսինքն կան 12 նախարարներ եւ 17 նախարարություններ, այսինքն 5 անգլուխ նախարարություններ կան: Սահմանադրության խախտմամբայս նշանակումները տեղի են ունեցել, եւ սրան էլ պատասխան չկա: Հենց հիմա Սահմանադրությունը խախտված է, կառուցվածք չունի:
Այդ ոնց եղավ, որ Սահմանադրությունը խախտեցիք: Հետո էլ ընդդիմությունը արձագանքեց, բայց դուք չշտկեցիք: Ոնց եղավ, որ սուպերվարչապետական համակարգն արդեն լավն է, ոնց եղավ, որ նախարարների հետ փակ հանդիպումները համարվում է խորհրդարանական վերահսկողություն»,-ընդգծեց Մարուքյանը:











