Մենք չենք եկել մեր ժողովրդին խաբելու. դա է հին մտածողությունը, որ՝ ժողովուրդ ջան, դուք բիզնես չեք կարա անեք, ՀԴՄ մի պահանջեք, աշխատելու մասին մի մտածեք, պառկեք հանգիստ պառկեք ձեր դիվաններին, հեսա կգա ընտրությունը, բրինձը կբերենք ձեթը կբերենք, պեսոկը կբերենք, 5 հազար դրամ էլ վրից կտանք, քեֆ արեք, էս ա կյանքը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թե չէ եկել է նոր կառավարությունը ասում է՝ պիտի աշխատեք: Արա, էս ի՞նչ ա կատարվում: Բա մենք սրա համար էինք հեղափոխություն արել:
Հիմա էլ ասում են՝ թվերը չկան: 4 ժամ ելույթ են ունենում, ասում են՝ թիվ չկա: Որտեղ էլ թիվ կա, ասում են՝ էս ինչ թիվ եք դրել, որ երեխաները պետք է 70 տոկոս մանկապարտեզ գնան: Հաա, ուրեմն ստեղ մի բան կա, ուրեմն դուք ուզում եք դպրոցները փակել: Ուրեմն ուզում եք համայնքները ավելի խոշորացնեք: Կռիվ են անում, թե թիվ չկա, հետո ասում են՝ 5 տոկոս է, լավ թիվ չեն գրել: Այնտեղ, որտեղ թվերը լավն են, ասում են՝ իրատեսական չի, էս ինչ կենացային թիվ եք գրել, իսկ որտեղ թիվ չկա, ասում են՝ էս ինչ խայտառակություն է: Ես Կիկոսի մահի վարկածի մասին էլ չեմ խոսում: Տեղական ինքնակառավարման մարմինների մասին բան չկա, սա նշանակում է, որ ՏԻՄ-ը Հայաստանում մեռնում է եւ նոր սպառնալիքի ներքո է: Ֆսյո, փակվան տեղական ինքնակառավարման մարմինները:
Մեկ տարի առաջ էլ ասում էին՝ Հայաստանում բռնապետական կարգեր է հաստատվում, անձի պաշտամունք է: Էսօր ինչ-որ չեն խոսում, բա ուր է բռնապետական համակարգը, բա ուր է անձի պաշտամունքը»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ նշելով. «Տղայական բան, ասում է՝ ձեր ոստիկանապետին ասացին՝ լակոտ, դուք չպաշտպանեցիք: Ոհմակը պիտի հարձակվեր, պիտի «պադեզդներում» ծեծեին, պիտի իրիկունները ընտանիքի անդամներին պիտի զանգեին տեռորի ենթարկեին»:











