Փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն տեղի ունեցավ՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացման թեմայով։ Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության, կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։

Ոստիկանության պետը, անդրադառնալով ճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացման անհրաժեշտությանը, ընդգծեց, որ խնդրի կարգավորումը հնարավոր է պատկան մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում։

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրին ոլորտի բարելավմանը վերաբերող եւ՛ կարճաժամկետ, եւ՛ երկարաժամկետ լուծում պահանջող առաջարկներ։ Քննարկվեցին մայրաքաղաքի կենտրոնական հատվածում տրանսպորտային միջոցների բեռնաթափմանը, կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների բարելավմանը, ճանապարհաշինարարական նախագծերին, ինչպես եւ ոլորտը կարգավորող օրենսդրությանը առնչվող հարցեր։ Խորհրդակցության մասնակիցները խնդիրների լուծման վերաբերյալ ներկայացրին միջազգային փորձը՝ համեմատականներ անկացնելով ճանապարհային երթեւեկության ոլորտում Հայաստանում առկա խնդիրների հետ։

Քննարկման ավարտին որոշում կայացվեց ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որն առավել խորքային կուսումնասիրի ոլորտը, կառաջարկի խնդիրների լուծման իրատեսական տարբերակներ, որոնք կյանքի կկոչվեն համատեղ աշխատանքի արդյունքում։